Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Էրեբունի օդանավակայանում հայ գերիներին վերադարձնող հերթական օդանավն է վայրէջք կատարում: Սակայն պարզվեց, որ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից Երևան է ժամանել դատարկ:
Նշենք, որ ավելի վաղ factor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երևան, իսկ «Ազատություն» ռադիոկայանը և Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էին իրականացնում «Էրեբունի» օդանավայակայանից, որտեղ հավաքվել էին գերիների տասնյակ հարազատներ։
Իսկ «Արմենպրես»-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։
Ավելի ուշ, երբ տեղեկություն տարածվեց, որ գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատարկ է ժամանել, ծնողներիը թույլ չտվեցին լրագրողներին տեղում նկարահանումներ իրականացնել և ուղիղ հեռարձակումներն անջատվեցին։

