Շուրջ 10 հայց. Ովքեր են մինչ այժմ դատի տվել Նիկոլ Փաշինյանին և ինչի համար
Իրավական
Այսօր հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվում դատարան։
2018թ-ի սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Այս գործով Վերաքննիչ բողոք է բերվել, բայց բոլորովին ուրիշ հարցի հետ կապված /դատական ծախսեր, փաստաբանի վճար/: Իսկ հայցվորը հրաժարվել է հայցից, քանի որ պատասխանողը հայտարարել է, որ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին: Պատասխանող կողմը փաստացի հերքում է տարածել:
2019թ-ի ապրիլի 4-ին Խաչատուր Ղալեչյանը ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատասխանողին ստախոս և բարոյազուրկ ճանաչելու, հայցվորից ներողություն խնդրելու և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների մասին հայցադիմում էր ներկայացրել։ Հայցադիմումը վերադարձվել էր։
2019թ-ի մայիսի 10-ին Արթուր Դանիելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին: Հայցը մերժվել է։
2020թ-ի փետրվարի 21-ին Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 14-ին։
2020թ-ի մարտի 18-ին Արամ Օրբելյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտությամբ պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։
2020թ-ի ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին: Այս գործով դատական նիստի օր է նշանակվել մայիսի 6-ին։
2020թ-ի հունիսի 2-ին Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաննները ընդդեմ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Վարչապետի աշխատակազմի, Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմում են ներկայացրել։ Դատարանը վճռել էր հայցը բավարարել մասնակի, ինչի դեմ պատասխանողի ներկայացուցիչը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան։
2020թ-ի հունիսի 4-ին Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Այս գործով դատական նիստի օր է նշանակված ապրիլի 13-ին։
Եւս մեկ դատական հայց էլ Արթուր Վանեցյանը ներկայացրել է 2021թ-ի հունվարի 12-ին՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Գործը կարճվել է։