Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանի Հանրապետությանը: ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի համար առիթ է հանդիսացել Նիկոլ Փաշինյանի 2021 թ-ի մարտի 1-ին տեղի ունեցած ելույթում հնչեցրած մտքերը։
Ելույթում Նիկոլ Փաշինյանը անուններ չի տալիս, սական մեջբերում է «Մարտի 1»-ի գործը, և նշում է, որ նույն մարդիկ են, որ այսօր բանակը տանում են ժողովրդի դեմ։ Ալումյանն ասաց, որ հայցի համար հիմք են հանդիսացել այդ թվում նաև այդ հատվածում հնչեցված մտքերը։
Դիտարկմանը, որ Փաշինյանն այդ ելույթում Քոչարյանի անունը չի տվել՝ խոցելի չէ՞ հայցն այն առումով, որ պաշտպանական կողմը կարող է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի մասին չէ խոսքը՝ Ալումյանը պատասխանեց, որ ոչ՝ խոսելի չէ։ «Կարծում եմ, որ ելույթը լսողների համար ակնհայտ կլինի, որ նա ամեն դեպքում թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որ ունկնդիրներին հնարավորություն է տվել մտածել, որ այդ ամենը վերագրվում է հենց Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա վկայակոչում է գործը, վկայակոչում է, որ այդ գործով դատաքննության փուլը ձգձգվում է։ Ինքը խոսում է այն ժամանակվա իշխանությունների մասին, ասվածի կոնտեքստը որևէ կասկած չի առաջացնում, որ լսող մարդիկ՝ մեծամասամբ այդ խոսքի կոնտեքստում բացասական կարծիք էին կազմելու պարոն Քոչարյանի դերակատարության մասին, իսկ զրպարտությունը և անմեղության կանխավարկածի հետ կապված խախտումները հենց խախտում են համարվում և մարդիկ այդպիսի խախտումներից պաշտպանվում են հենց այն նպատակով, որ որևէ մեկն այնպիսի միտք չարտահայտի, որ մեկ ուրիշի մոտ բացասական տպավորություն չառաջացնի։ Այսինքն, եթե նույնիսկ Փաշինյանը անցած անգամվա նման կգա ու կժխտի, որ պարոն Քոչարյանին է նկատի ունեցել՝ միևնույն է, ՄԻԵԴ-ը ունի բազմաթիվ վճիռներ, որ իշխանությունները պետք է այդպիսի արտահայտություններ անելուց լինեն չափազանց նրբանկատ, որպեսզի ուրիշների մոտ բացասական տպավորություն չստեղծվի մեկ այլ անձի մասին»։
Նա ընդգծեց, որ հավանաբար, եթե Փաշինյանը կգա ու կասի, որ պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել՝ իրենք կշարունակեն պնդել հայցն այն հիմքով, որ նա բավարար նրբանկատություն չի դրսևորել իր խոսքում և այնպես է ձևակերպել իր մտքերը, որ խոսքը հենց մեր գործին է վերաբերվում։ «Ինքը պետք է հիմնավորի, որ եթե մեր քրեական գործը նկատի չուներ, ապա որ գործը նկատի ուներ, Հայաստանում ուրիշ ի՞նչ գործ կա «Մարտի 1-ը» քննող, որը օրինակ է բերվում և, որը, ըստ իրեն՝ ձգձգվում է։ Եթե ինքը ևս մեկ այլ այդպիսի գործ գիտի, թող գա ասի»։
Հարցին, թե ինչու են նաև Հայաստանի Հանարապետությաննը դատի տվել, նա պատասխանեց, որ Փաշինյանի ձևակերպած մտքերը տեղ են գտել ոչ միայն տարբեր մասնավոր լրատվամիջոցներում, այլև պաշտոնական լրատվամիջոցներում, իսկ եթե ՀՀ պաշտոնական լրատվամիջոցներում են տեղ գտել, ապա խախտումը կարելի է վերագրել ՀՀ-ին՝ ի դեմս նրա վարչապետի։ «Մի բան է ֆիզիկական անձ՝ Նիկոլ Փաշինյանը, մի բան է ՀՀ-ի, որ անունից է նման տեղեկատվություն տարածվում, իսկ ՀՀ-ի անունից նման տեղեկություն է տարածվել»։
Նա նշեց, որ 4 մլն դրամ են պահանջել՝ որպես վնասի փոխհատուցում, իսկ վնասի չափը գնահատվել է՝ ելնելով նրանից, որ խախտվել է անմեղության կանխավարկածը, դրա համար նշել են 2 մլն դրամ և ևս 2 մլն դրամ՝ զրպարտության համար։ «Մենք պահանջել ենք Քաղաքացիական օրենսգրքով սահմանված առավելագույն չափը»։
Հարցին, եթե այս գործում Նիկոլ Փաշինյանը պարտվեց, այդ 4 մլն դրամը ո՞վ է վճարելու՝ Նիկոլ Փաշինյանը, թե Հայաստանի պետբյուջեից է վճարվելու՝ նա պատասխանեց, որ 2 մլն-ը վճարելու է Նիկոլ Փաշինյանը, 2 մլն դրամը՝ ՀՀ-ի պետբյուջեից է վճարվելու։
Քրիստինե Հովհաննիսյան

