Ի դեպ. Ռոբերտ Քոչարյանը դատի է տալիս Նիկոլ Փաշինյանին
ADTVԻ դեպ, այն բանից հետո, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով դատվում էր ՀՀ 2-րրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ դատարանն էլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, շատերին թվաց, թե սա քաղաքական որոշումների արդյունքում ստեղծված լուծում էր։ Շատերն այստեղ նույնիսկ ռուսական ազդեցություն նշմարեցին։ Ամեն դեպքում, թվում էր, թե Փաշինյան- Քոչարյան հակամարտությունը իրավական դաշտից ամբողջության տեղափոխվում է քաղաքական դաշտ, առաջիկա ընտրական պայքարի համատեքստում։ Բայց արիուտես, որ իրավական գործընթացները չեն ավարտվել։
Նախ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելուց հետո դատախազությունը դիմեց ՍԴ, վիճարկելու մի քանի օրենքների սահմանադրականությունը։ Կարճ ու պարզ ասած՝ դատախազությունը փորձում է իրավական հիմքեր ստեղծել՝ փոխելու եւ վերաորակելու Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն էլ, ինչպես ասում են, «ձեռքները ծալած, նստած չեն»։ Քոչարյանի պաշտպանական թիմը ոչ միայն պաշտպանվում է, ի դեպ, շատ պրոֆեսիոնալ, այլեւ, ֆուտբոլային լեզվով ասած՝ հակագրոհներ է ձեռնարկում։ Քոչարյանի փաստաբանական թիմը հայց է ներկայացրել ընդդեմ Հայատանի Հանրապետության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հայցի հիմքում ընկած են Նիկոլ Փաշինյանի՝ ս․թ․ մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հնչեցրած արտահայտությունները։
Հիիշեցնեմ, վարչապետն իր ելույթում ասել էր. Մեջբերում եմ. «2008 թվականի մարտի 1-ն ահա ժողովրդի իշխանության համար մղվող այդ պայքարի մի կարևոր հանգրվան էր: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Ու պիտի, այո՛, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»: Փաշինյանի այս հայտարարությունների ժամանակ Քոչարյանը փաստացի մեղադրյալի կարգավիճակ ուներ, իսկ հիմա նման կարգավիճակ չունի եւ նրա նկատմամբ այդ գործով հետապնդումը դադարեցված է: Պաշտպանները պահանջում են որպես զրպարտություն համարել Փաշինյանի արտահայտությունները, հերքել դրանք և ճանաչել 2-րդ նախագահի անմեղության կանխավարկածը։ Սպասենք Փաշինյան-Քոչարյան «փոխհրաձգության» հաջորդ արարին։