Փաշինյանը անտեղյակ էր, թե ստեց. Covid-19-ի դեմ համատարած պատվաստումները երբ կսկսեն եւ ինչ պատվաստանյութով
Հասարակություն
«Սպուտնիկ V» պատվաստանյութի Հայաստանում գրանցված լինել-չլինելու հարցը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո լայն քննարկումների առիթ դարձավ։ Պատճառն այն էր, որ Պուտինը հետաքրքրվել էր Փաշինյանից, թե արդեն գրանցվե՞լ է Ձեզ մոտ Սպուտնիկ V պատվաստանյութը, ինչին ի պատասխան Փաշինյանը երկու անգամ պատասխանեց՝ «այո»։
«Սպուտնիկ V»-ն Հայաստանում գրանցված չէ, Փաշինյանն անտեղյա՞կ էր
Այնուհետև թեմային անդրադարձավ Առողջապահական և աշխատանքի տեսչության դեղերի վարչության նախկին պետ Վահե Մինասյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Սպուտնիկ V-ն Հայաստանում գրանցված չէ։
Այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից լրագրողները կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին, թե արդյոք պատվաստանյութը գրանցված է Հայաստանում, թե ոչ, ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց. «Պատվաստանյութերի գրանցում այս պահին, որպես այդպիսին չեն իրականացվում, որովհետև դրանք դեռ երրորդ փուլի մեջ են և օգտագործման թույլտվություն կա։ Օրենքը ունի մի քանի մեխանիզմ, այդ մեխանիզմներից մեկն էլ արտակարգ իրավիճակներում թույլտվություն տալն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի և այդ թույլտվությունը տրված է»։
Այսօր Հայաստանը ստացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի խմբաքանակ՝ 15 հազար դեղաչափ։ 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար։
Պատվաստանյութի՝ Հայաստանում գրանցված չլինելու մասին մենք տեղեկանում ենք նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի պաշտոնական կայքից։
Ով է որոշում՝ AstraZeneca-ով, թե՞ «Սպուտնիկ V»-ով են պատվաստվելու քաղաքացիները
Մինչ այս պահը Հայաստանը ձեռք է բերել 2 տեսակի պատվաստանյութ՝ AstraZeneca և «Սպուտնիկ V»։ Հասարակությունը թերհավատորեն է մոտենում AstraZeneca-ին և նրանց մոտ հարց է առաջանում՝ ինչ անել, եթե ցանկություն կա պատվաստվել «Սպուտնիկ V»-ով, ով և ինչպես է ընտրելու, թե ով որ պատվաստանյութով է պատվաստվելու։ Այս հարցերն այսօր ուղղվեցին նաև Ավանեսյանին, ով որևէ հստակ պատասխան չնշեց, առաջարկելով երկուշաբթի օրը հետևել մամուլի ասուլիսին։ Ըստ էության Ավանեսյանը այս պատասխանով հաստատեց տեսակետը, որ նախարարությունում էլ դեռ անորոշ վիճակ է և շատ հարցերի պատասխաններ իրենք էլ դեռ չունեն։
Երբ կարող են վճարով պատվաստվել
Առողջապահության նախարարությունը թե AstraZeneca-ի, թե՞ «Սպուտնիկ V»-ի պատվաստանյութ դեռևս ձեռք չի բերել բավարար խմբաքանակով, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ռիսկային խմբից դուրս են, կարողանան վճարովի հիմունքներով պատվաստվել։ Ի դեպ, դեռևս հայտնի չէ նաև այն, թե որքան է լինելու պատվաստումների վճարը։