Այսօր ապրիլի 7-ն է՝ մայրության եւ գեղեցկության տոնը։ Օր, որ նախորդ տարիներին տոն էր, իսկ այս տարի օրացույցի շարքային օրերից մեկն էր։
Միայն պաշտոնյաների լալահառաչ շնորհավորանքները եւ կենացները ստիպեցին մեզ հիշել, որ այսօր տոն է։
Հիշել, սակայն ոչ երբեք շնորհավորել, քանի-քանի սեւազգեստ մայրեր այսօր այդպես էլ չեն ստանա իրենց որդիներից, ամուսիններից շնորհավորանք։ Եւ ինչպես կարող ենք մենք՝ նրանց հետ միասին ապրողներս այսօր մայրության օրը նշել։
Ցավոք, շարքային քաղաքացիներին համակած այս մեղքի զգացումից զուրկ են պաշտոնյաները, իշխանությունները, որոնք իրենց իրենց գործունեությամբ միայն տառապանք, վիշտ, ցավ են պարգեւել մայրերին, կանանց։ Այն մայրերին, որոնց համարում են ապագա կերտող, ազգի շարունակություն ապահովող։
Մենք, իհարկե, քանիցս համոզվում ենք, թե ինչ ծուռ հայելիների իրականությունում ենք ապրում եւ մեր արժեքային համակարգը հիմնվում է սոսկ խոսքերի վրա, մենք պսեվդոկնամեծար ենք, մենք պսեվդոերեխայասեր ենք։
Պատրաստ ենք մարտի 8-ին, ապրիլի 7-ին կանանց մեծարել, կենացներ ասել, իսկ այսօր Երեւանի կենտրոնում ակցիա անող ընդդիմադիր կանանց նկատմամբ բռնություն գործադրել, արդարացնել այդ բռնությունը։
Անկախ նրանից՝ ինչ քաղաքական հայացքներ ունեն նրանք, անկախ մազերի եւ հագուստի գույնից՝ կա դեպք, կա բռնություն, որը արձանագրված է, ինչ սպառնալիք էին ներկայացնում այդ կանայք մեր ազգային անվտանգությանը, հասարակական կարգուկանոնին, արդյոք առանց բռնության հնարավոր չէր իրականացնել օրենքով դրված պարտականությունները, որքանով էր համաչափ առաջադրված խնդիրը եւ այն լուծելու եղանակը։ Օրը ցերեկով ակցիա անող կանանց նկատմամբ բռնությունը արդյոք իրավաչափ գործողությո՞ւն է, թե՞ ոչ։ Սա այն հարցն է, որը փշրում է ապրիլի 7-ի եւ առհասարակ մարդու իրավունքների, ազատությունների, հավասարության մասին մեր պատկերացումները եւ մեր աչքի առաջ մերկացնում իրենց կյանքը, գործունեությունը կանանց եւ նրանց խնդիրների, ազատությունների համար պայքարող իրավապաշտպաններին։ Որտե՞ղ են նրանք, ինչ կարծիքի են այսօր Երեւանի սրտում կատարված իրադարձությունների մասին, թե բռնության ենթարկվող կանայք գաղափարակից չեն, չեն կարող դատապարտել։ Բայց չէ՞ որ մեր խնդիրը ոչ թե անձերն են, այլ երեւույթները, բռնությունը բռնություն է՝ առանց որեւէ արդարացման՝ անկախ նրանից՝ ում նկատմամբ է այն իրականացվում, մարդու իրավունքներն ու ազատությունները չեն կարող ընտրովի կիրառվել, իսկ դրանց համար պայքարողը չեն կարող կիսապաշտպան լինել։ Ակցիային չենք մասնակցում, կանանց չենք համակրում եւ գաղափարակից չենք համարում, բռնությունը չենք դատապարտում, դեռ մի հատ էլ բռնություն ենթարկվողներին ծաղրում ենք, թիրախավորում նրանց անձը, մարմինը, կանացի բարեմասնությունները։ Իսկ հետո հեշտ, հանգիստ ջնջում գրառումը եւ հորթային անմեղությամբ կոչ անում չվիրավորել մարդկանց, երբ կարելի էր պատկերացնել եւ կանխատեսել, թե համապատասխան լուսանկարի եւ գրառման ներքո ինչ մեկնաբանություններ կարող են հայտնվել՝ ծաղրանքի, վիրավորանքի, ատելության, թշնամանքի անշլագ։ Հավաքվում են չափահաս աղջիկներ, կանայք, երիտասարդ եւ հասուն տղամարդիկ եւ սկսում ծաղրանքի, բռնության, սեքսիզմի կոչերը, պատկերացնում եք՝ այդ շարքում կան բժիշկներ, մանկավարժներ, իրավաբաններ։ Այսինքն՝ մեր հասարակական միտքը, արժեհամակարգը այնքան է աղճատվել, հարաբերությունները այնքան սրվել, մթնոլորտը այնքան է լարվել, որ անգամ հասարակության սերուցք համարվող մասնագետների թեթեւ ձեռքով կանայք, պայքարող եւ բռնության ենթարկվող կանայք դառնում են ծաղրի առարկա, թշնամական վերաբերմունքի եւ հայհոյանքների արժանանում։ Սա է մեր կնամեծար հասարակությունը եւ սա է այն ապրիլի 7-ը, որի առթիվ բոլորը կենացներ եւ շնորհավորանքներ են ասում։

