Ի դեպ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին
ADTVԻ դեպ, հայաստանյան հանրային-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում այս օրերին Մոսկվան է՝ Հայաստանի հետ ուղիղ կամ անուղղակի առնչվող հարցերով, մասնավորապես առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համատեքստում։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը ռուսական հանրահայտ «Պոզներ» ծրագրին։ Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր մեծ քաղաքականություն վերադառնալու, ընտրություններին մասնակցելու եւ կրելու հավակնությունների մասին, որին հակառակորդները հակադարձեցին, թե կրել պետք է պատասխանատվություն եւ ոչ ընտրություններ։ Ինչեւէ։ 2-րդ նախագահի հարցազրույցը, դատելով հանրային քաղաքական արձագանքներից, մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Էլ ավելի ուշագրավ է այն փաստը, որ մինչեւ Պոզներին հարցազրույց տալը Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, շեշտելով ՀՀ նախկին ու ՌԴ գործող նախագահների երկար տարիների լավ հարաբերությունները։ Պիտի ենթադրել, Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը որոշ հանգուցային հարցերում ասենք այսպես՝ «ուղղել են ժամացույցները»։ Մեկ օրինակ միայն։ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով պատերազմի ընթացքում կորցված տարածքների մասին հարցին, հայտարարեց, թե «կարծում է՝ ամեն ինչ կորած չէ եւ հնարավորություն կա բանակցային գործընթացում քննարկել նվազագույնը այն տարածքների հարցը, որոնք մտնում էին նախկին ԼՂԻՄ կազմի մեջ»։ Քանի որ պատմությունը կրկնվելու «գեշ խասիաթ» ունի, հիշենք 20թ-ը, Կարսի, Սուրմալուի կորուստը եւ Ռուսաստանի միջամտությամբ՝ Ալեքսանդրապոլի վերադարձը։ Նույն տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ, օրինակ, Մոսկվայի «սրտի վարչապետի» պարագայում Հադրութը կարող է վերադարձվել, իսկ Շուշին պետք է մոռանալ։ Ի դեպ, հակառակ գործող իշխանության՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված հայտարարությունների, Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը գալիս է Թուրքիայից։ Ի թիվս բազմաթիվ հարցերի, որոնց հասցեատերերը տարբեր են՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի կողմնարոշմանը, նշելով, թե «Մեր պատմական կողմնորոշումը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլեւ ամերիկացիներին»։ Դեպի Ռուսաստան մեր պատմական կողմնորոշման մասին հաջորդ հայտարարությանը լսենք արդեն վաղը, ՀՀ վարչապետի ՌԴ կատարելիք այցի ժամանակ, որի նախերգանքն այսօր արդեն հնչել է Նիկոլ Փաշինյանի՝ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։