ArmDaily.am-ը քաղաքացիների շրջանում հարցում է իրականացրել, պարզելու, թե ինչպես են վերաբերում վերջին օրերին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին հնչած թեզերին, արդյոք Թուրքիային թշնամի համարո՞ւմ են, և ինչ կարծիք ունեն Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։ Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի «Թուրքիան այլևս թշնամի պետություն չէ՞ Հայաստանի համար» հարցին ի պատասխան Գրիգորյանը նշել է. «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։
Ճշտող հարցին ԱԱԽ քարտուղարը պատասխանել է, որ «միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաև այլ հնարավորություններ են ստեղծում»։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ նշել էր. «Մենք ասում ենք, որ գուցե հիմա լավ շանս կա, որպեսզի թշնամանք չլինի: Իսկ, թե ինչ է այդ չթշնամանքը, կարելի է դիվանագիտական լեզվով ձևակերպել և բնորոշումներ տալ: Դա կարող է օրինակ՝ լինեն մինիմալ խոսակցություն շատ պրագմատիկ ընդհանուր շահերի շուրջ: Իրականում չթշնամանքը կառուցողականությունն է, ի՞նչն է մեզ խանգարում լինել կառուցողական:
Դժվար չէ Ալիևի չափ ապակառուցողական լինել և ասել, որ մենք էլ Ստամբուլն արյան ծով կսարքենք կամ Բաքվում չայ կխմենք, բայց գործընթացները դրանից չեն շահում: Ես չգիտեմ որքանով մեր կառուցողականությունը կդրդի նրանց լինել կառուցողական, բայց ես վստահ եմ, որ մեր ապակառուցողականությունը իրենց կմղի էլ ավելի ապակառուցողական լինելու»:
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանը մեզ համար կոնֆլիկտի կողմ է, թե՞ թշնամի՝ Աղազարյանը պատասխանել էր. «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ այսօր գտնվում ենք թշնամական հարաբերությունների մեջ»։

