Ի դեպ. Ընտրություններիում ոչ միայն իշխանության այլեւ ընդդիմության տեղի համար պայքարի մասին
Ի դեպԻ դեպ, խոսելով ընտրությունների մասին, մենք գրեթե միշտ այն դիտարկում ենք այն որպես պայքար իշխանության համար։ Եւ դա բնական է, ցանկացած կուսակցություն պայքարում է իշխանության համար։ Իրականում ընտրությունները պայքար են նաեւ ընդդիմության տեղի համար։ Նպատակը՝ ընդդիմադիր դաշտը, ասենք այսպես «իրենով անելն» ու իշխանության գալը ոչ թե այսօր, այլ վաղը՝ հաջորդ ընտրություններին։ Մեր մեջ ասած, Հայաստանում երբեք էլ չենք ունեցել ընդդիմություն, որը կարողացել է իշխանության գալ այս տարբերակով։ Մինչհեղափոխական ժամանակների ընդդիմադիր ուժերը, մասնակցում էին ընտրություններին, շատ դեպքերում իրավացիորեն համաձայն չէին լինում արդյունքների հետ, հավաքում էին ժողովրդին հրապարակում, պատմում, թե ինչքան վատն են իշխանությունները, հետո գնում էին տներով։ Կամ՝ իշխանությունն էր ցրում ու դրանով ամեն ինչ ավարտվում էր։
Նույնիսկ ՔՊ-ն, որ կարողացավ ընտրություններից մեկ տարի անց հեղափոխություն անել, չէր հասցրել դառնալ ուժեղ, ամուր, ընդդիմադիր դաշտն «իրենով արած» ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Ինչ ունենք հիմա։ Հեղափոխությունից հետո խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցություններն այնքան էլ ընդդիմադիր չէին, մեկը ջուր էր տվել հեղափոխությունը, մյուսը իրավական աջակցություն, արտախորհրդարանականներն էլ այսպես ասած «հեղափոխական արժեքների պաշտպանի» գծի մեջ էին։
Միակ բացառությունը նախկին իշխանություն ՀՀԿ-ն էր։ Հետագայում, հատկապես պատերազմից հետո ընդդիմադիր դաշտում են տեղավորվել բոլորը, մի քանի բացառություններով։ Եւ այս իրավիճակում չափազանց հետաքրքիր է ոչ միայն հաջորդ իշխանության, այլեւ ընդդիմության հարցը։ Քաղաքական որ ուժին կամ ուժերի միավորմանը կհաջողվի դոմինանտ դիրք գրավել քաղաքական դաշտում։ Այս համատեքստում բավական հետաքրքիր է նախկին իշխանություն եւ 2018-ի միակ ընդդիմություն ՀՀԿ-ի դիրքորոշումը։ Այս երբեմնի կառավարող ու մարդաշատ կուսակցությունը կորցրեց իր դիրքերը, փոքրացավ, բայց կարողացավ դիմանալ ժամանակի ճնշումներին ու չանհետացավ քաղաքական դաշտից։ Հատկանշական է, որ նախորդ, իր համար չափազանց ծանր ընտրություններին ՀՀԿ-ն հավաքեց գրեթե 5 տոկոս եւ մի փոքր պակասեց խորհրդարան անցնելու համար, իսկ այսօր չի շտապում հայտարարել ընտրությունների մասնակցելու մասին։ Ավելին, շշուկներ են տարածվում, որ ՀՀԿ-ն բոյկոտելու է ընտրությունները։
Ինչ է սա նշանակում։ Հավանաբար այն, որ ՀՀԿ-ն բարձր է գնահատում գործող իշխանության հաղթանակի հավանականությունը, չի կամենում լեգիտիմացնել այն իր մասնակցությամբ եւ զոհաբերում է մի քանի հոգանոց խմբակցություն ունենալու հեռանկարը՝ ընդդիմադիր դաշտում ամրապնդվելու եւ ավելի մեծ հավակնություններով ներկայանալու համար։Հաջորդ ընտրություններին՝ հերթական կամ արտահերթ։ Իսկ այս ընտրություններին բավական թեժ է լինելու պայքարը ոչ միայն իշխանության համար, այլեւ ընդդիմության տեղի։