Արշակյանի ուշացած հրաժարականը և «անտեղյակ» խոսնակները
Վերլուծական
Վաղ առավոտյան իշխանության չսիրելի լրատվամիջոցներից մեկը՝ yerevan.today-ը լուր հրապարակեց Հակոբ Արշակյանի հրաժարականի մասին։ Վարչապետի մամուլի խոսնակը եւ նախարարի խոսնակը համարյա Արմեն Սարգսյանի օրն էին ընկել՝ «նեզնայկայի» կարգավիճակում, տեղյակ չէին հրաժարականից, անգամ յուրային հարթակներով շտապեցին հայտարարել, թե հրաժարականի լուրերը կեղծ են։
Բայց կարճ ժամանակ անց Արշակյանը հայտնեց, որ այսօր իր աշխատանքային վերջին օրն է։ Հրաժարականի պատճառը լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ կապված միջադեպն է, ինչը պարզ է նաեւ նախարարի գրառումից։ Նա նշել է, թե անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, պարտավոր է սեփական փորձով օրինակ ծառայել հանրությանը։ Միեւնույն ժամանակ, Արշակյանը նշում է, որ «կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։
Սա նման է հայտնի միջադեպից հետո Արշակյանի հայտնի հայտարարությանը, որով բոլորից ներողություն էր խնդրել, բացի լրագրողից։ Իհարկե, կարճ ժամանակ անց Արշակյանը հասցրեց սեր խոստովանել լրագրողական համայնքին։
Ամեն դեպքում, նախարարի եւ նրա թիմի պահվածքը առհասարակ տարօրինակ է, մենք այդպես էլ չհասկացանք՝ իսկապես նախարարը զղջո՞ւմ է այս դեպքի համար, իսկապես թիմի համար անընդունելի՞ է այս պահվածքը, չէ՞ որ դեպքից անմիջապես հետո Արշակյանին գովերգող եւ գոտեպնդող բազմաթիվ կոչեր կային։
Եթե իշխող քաղաքական մեծամասնության համար ընդունելի չէր այս միջադեպը, ապա այն պետք է համընդհանուր դատապարտման արժանանար, իսկ Արշակյանը պետք է հրաժարական տար հենց դեպքի օրը, ոչ թե երկու շաբաթ անց։ Ընդ որում՝ այս միջադեպի հետ կապված հրաժարականը իբրեւ հաղթանակ պետք չի համարել, նախարարը պետք է կանգնի արդարադատության առաջ՝ կրելով քրեական եւ քաղաքացիական պատասխանատվություն։
Պաշտոնից ազատումը դեռ բավարար պատիժ չէ եւ չի կարող կանխել հաջորդ նմանատիպ դեպքերը, հատկապես, որ իր «հրաժեշտի գազելում» նախարարը ակնարկում է, որ իր անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտվել է։
Իսկապես, հուսանք՝ Արշակյանի հետ կատարվածը դաս կլինի իշխանությունների համար, նրանք աշխատանքային ժամերին չեն հայտնվի սրճարանում, եթե հայտնվեն, ապա հանդուրժող կլինեն տեսախցիկների, լրագրողների հարցերի հանդեպ, բռունցքների չեն դիմի։ Երկրորդ՝ հուսանք՝ որեւէ նմանատիպ միջադեպին իշխանության արձագանքը կլինի շատ ավելի օպերատիվ, քան այս դեպքում, այլապես սա նման է Զատիկից հետո ձվի շուկայում ՏՄՊՊՀ-ի իրականացնելիք ուսումնասիրությանը։
Եւ երրորդ պատգամը խոսնակներին՝ մի հերքեք անհերքելին, որպեսզի ծիծաղելի վիճակում չհայտնվեք, ձեր նմանատիպ հերքումների պատճառով պաշտոնական տեղեկատվությանը այլեւս հավատ չի ներշնչում, ձեզ չեն վստահում։