Ի դեպ. ՍԴ աղմկահարույց որոշման ու արձագանքների մասին
ADTVԻ դեպ, այս օրերին ամենաշատ քննարկվող հարցերից մեկը ՍԴ աղմկահարույց որոշումն է, որով հակասահմանադրական ճանաչվեց 300.1 հոդվածը, որով դատվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նախօրեին այս տեղեկությունն արդեն տարածվել էր, երեկոյան արդեն հասանելի դարձավ ՍԴ որոշումն ամբողջությամբ ու ամենայն մանրամասնությամբ։ Եվ ուրեմն, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել 300.1 հոդվածը։ Ինչ է սա նշանակում։ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը սա որակում է որպես Սահմանադրության հետ կապ չունեցող որոշում։ Նրա գնահատմամբ Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատություն չի իրականացրել, փոխարենը ստեղծել է մի խճճված պատմություն։ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ փաստական հանգամանքների շարադրանքը, այն գործողությունները, որոնք վերագրվել են Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, բացի սահմանադրական կարգը տապալելու հանցակազմից, նախատեսում են նաև այլ հոդվածի հանցակազմ։ Այլ կերպ ասած, Սաֆարյանի մեկնաբանությամբ, գործը սրանով ավարտված չէ, դատախազությունը ցանկացած ժամանակ կարող է իր մեղադրանքը հետ տանել, վերաձևակերպում անել, բերել դատարան։
Օրենքը թույլ է տալիս այդպիսի գործողություններ կատարել։ Տրամաբանորեն հակառակն են պնդում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ու նրանց համախոհ իրավաբանները։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը համոզված է, որ ՍԴ որոշումը մեկ բան է նշանակում՝ որ երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, եւ ընդհանրապես, բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1-րդ հոդվածին, Սահմանադրական դատարանի որոշման ուժով ենթակա են վերանայման։
Դեռևս նախորդ շաբաթ՝ մարտի 27-ին պաշտպանական թիմը միջնորդել էր դադարեցնել 300․1 հոդվածով քրեական հետապնդումը, կարճել այդ մասով քրեական գործի վարույթը, փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Ավելին՝ պարտադրել մեղադրող կողմին գրավոր ներողություն խնդրել Ռոբերտ Քոչարյանից, քանի որ վերջինս 537 օր ապօրինի կերպով է զրկված եղել ազատությունից։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դատարանը կարող էր կայացնել նույնիսկ առանց նիստ հրավիրելու՝ խորհրդակցական սենյակում, և կարող էր դա անել հենց մարտի 26-ին կամ հաջորդ օրը։ Այս մեկնաբանությունների համատեքստում հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումը։ Իսկ դատարանն այսօր, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշեց հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործը կարճելու վերաբերյալ հարցը քննարկել ապրիլի 2-ին։