Ի դեպ. Ընտրական օրենսգրքի շուրջ տարաձայնությունների մասին
Ի դեպԱյն պահից, երբ հայտարարվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու քաղաքական համաձայնության մասին, ընտրություններին առնչվող եւ ամենաշատ քննարկվող թեման ընտրական օրենսգիրքն է։ Ընտրությունների գնալ գործող, թե նոր օրենսգրքով, որն է հոգեպես ավելի ազնիվ։ Գործող ու նոր ընտրական օրենսգրքերն ունեն մի շարք կարեւոր տարբերություններ, սակայն հանրային ու քաղաքական ուշադրության առանցքում բազմաչարչար «ռեյտինգային» համակարգն է։ Այս համակարգի մասին շատ է խոսվել դեռ այն ժամանակ, երբ ընդունվում էր գործող ընտրական օրենսգիրքը։ Այն ժամանակներից մինչեւ օրս խոսվում է այն մասին, որ այդ համակարգը ասենք այսպես՝ «մոգոնվել» է օլիգարխիայի եւ տեղական հեղինակությունների ներուժն ամբողջովին օգտագործելու եւ այն քաղաքական արդյունքի փոխակերպելու համար։
Բանաձեւը շատ պարզ է՝ վճարվում ես օլիգարխի կողմից, քվեարկում ես նրա օգտին, քո ձայնը գնում է համապատասխան կուսակցությանը։Մի խոսքով, սա մի համակարգ է, որը խրախուսում է օլիգարխիայի,կրիմինալի, տեղական հեղինակությունների մրցակցությունը։ Մյուս կողմից , սակայն փաստարկներ կան այս համակարգի դրական կողմերի մասին։Ասում են քանի որ մեր խորհրդարանը միապալատ է, ապա այս համակարգը հնարավորություն է տալիս ապակենտրոնացնել քաղաքական դաշտն ու խորհրդարանը, մարզերին եւս հնարավորություն ընձեռել ներկայացված լինելու խորհրդարանում, իսկ մարզերից ընտրված պատգամավորները ավելի սերտ են պահում կապը ընտրողների հետ։ Դառնալով այսօր ստեղծված իրավիճակին. Քաղաքական ուժերի մոտ կոնսենսուս չկա։ Խորհրդարանական ուժերից ԼՀԿ-ն, ինչքան էլ զարմանալի է ու որոշ կասկածների տեղիք տվող, կողմ է գործող օրենսգրքով ընտրությունների գնալուն։ Թե բա ընթացքում չի կարելի խաղի կանոնները փոխել։ Այս համակարգին կարծես թե դեմ չէ ԲՀԿ-ն։ «Իմ քայլում» , դատելով տարբեր գործիչների հրապարակային հայտարարություններից, հստակություն չկա։
Մի մասը կողմ է գործող, մի մասը՝ նոր օրենսգրքին։ Նոր օրենսգրքով ընտրությունների գնալուն անցկացնելուն կողմ են արտախորհրդարանական մի շարք կուսակցություններ եւ հասարակական սեկտորը։ Նոր օրենսգրքով ընտրությունների գնալու պարագայում, իհարկե որոշ դժվարություններ կառաջանան կապված Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալու, խորհրդարանում քվեարկելու ժամկետների հետ կապված, սակայն ցանկության դեպքում դրանք հաղթահարելի դժվարություններ են։ ՄԻ բան ակնհայտ է, ընտրական ավելի լավ օրենսգիրքը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է որակյալ ընտրություններ անցկացնելու համար։ Հյատնի բան է՝ վատ օրենսգրքով կարելի է անցկացնել որակյալ ընտրություններ ու որակյալ օրենսգրքով կարելի է անցկացնել խայտառակ ընտրություններ։ Խնդիրը քաղաքական կամքն է ու մշակույթը։