Հայաստանի ներքաղաքական տուրբուլենտության պատճառը նախկին և ներկա իշխանությունների բախումներն են. ուկրաինացի փորձագետ
Քաղաքական
Ուկրաինացի միջազգայնագետ Իլյա Կուսան Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի պատճառը տեսնում է հին և նոր իշխանությունների միջև բախման մեջ: Այս մասին նա ասաց ArmDaily.am-ի հետ զրույցում:
«Հայաստանում ներքաղաքական տուրբուլենտության հիմնական պատճառը ներկա և նախկին իշխանությունների միջև հակամարտությունն է: Նիկոլ Փաշինյանը որոշեց Գլխավոր շտաբը մաքրել նախկինների օրոք նշանակված կադրերից, որոնք հիմա ընդդիմություն են, այդ իսկ պատճառով հակամարտությունը նոր թափ առավ: Չեմ կարող չնշել, որ ընդդիմությունը փորձեց որպես խաղաքարտ օգտագործել պատերազմի զգայուն թեման, իբր Փաշինյանը դավաճան է, որ նա կազմալուծում է բանակը, աշխատանքից հեռացնում է պրոֆեսիոնալ և զինվորականներին, և հրամանատարաներին, խայտառակում է նրանց, ու այդ հիմնավորումներով փորձում էին մարդկանց փողոց հանել»,-ասաց Կուսան:
Ուկրաինացի փորձագետը նշեց, որ ընդդիմությունն, այնուամենայնիվ, չկարողացավ իրագործել իր առջև դրված նպատակները:
Իլյա Կուսան շեշտում է, որ նույն սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 30 տոկոսը Փաշինյանին է տեսնում երկրի ղեկավար, իսկ ընդդիմությունը չի էլ կարող մրցել ներկա իշխանությունների հետ:
Կուսան նշում է, որ Փաշինյանի աջակիցների թվի առավելությունը պայմանավորված է առավելապես այն հանգամանքով, որ մարդիկ դեմ են նախկին կոռումպացված ուժերի վերադարձին:
Հայկա Ալոյան