Ի դեպ. Արտահերթ ընտրություններին «Ազգային փրկության շարժման» քաղաքական ուժերի մասնակցել-չմասնակցելու մասին
ADTVԻ դեպ, այն պահից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահարթ ըմտրություններ անցկացնելու որոշման մասին, ճիշտ նույն պահից սկսվեց քաղաքական ուժերի դիրքավորումների, միավորումների ու սահմանազատումների շրջանի վերջին փուլը։ Այս փուլը կշարունակվի եւս մեկ-մեկուկես ամիս, որից հետո արդեն պարզ կլինի, թե քաղաքական ուժերից ով, ինչ ֆորմատով կմասնակցի առաջիկա ընտրություններին։ Այս համատեքստում լուրջ հստակեցումների կարիք ունի արտախորհրդարանական «Ազգային փրկության շարժումը», քանի որ նրանց օրակարգը բացարձակապես անընդունելի էր համարում ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետության, իսկ նրա հրաժարականից հետո՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակի պայմաններում։ Բայց խորհրդարանական ուժերի փոխհամաձայնեցված լուծումը հենց այս տարբերակն է նախանշում, եւ շարժման անդամ կուսակցությունները կարիք ունենք հստակեցումների։
Իրադարձությունների նման զարգացումն առաջին հերթին խաղից դուրս է թողնում Շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին։ Նա խիստ կասկածում է, որ հունիսի 20-ի ընտրությունները տեղի կունենան։ Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չլինի կանխել այդ ընտրությունները, ապա Վազգեն Մանուկյանն ընտրություններին չի մասնակցի ոչ մի ձեւաչափով։ Իսկ մինչ այդ, արդյո՞ք կպահպանվի շարժման ձեւաչափը, թե՞ ոչ։ Շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը շատ կարեւոր է համարում պայքարը շարունակելը եւ կարծում է, որ իրենց օրակարգով պայքարը շարունակելու հնարավորություննը սպառված չեն։ ՀՅԴ-ի առանձին հայտարարության դեռ չկա։ Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին դեռ հայտարարություն չի տարածել նաեւ ՀՀԿ-ն։ Քաղաքական խրամատը չլքելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ընտրույուններին մասնակցելու հայտարարություն կամ ակնարկ չէ։ Քանի դեռ նոր հայտարարություն չկա, պիտի համարել, որ դեռեւս մասնակցության մասին որոշում էլ չկա։
Չնայած քաղաքականության մեջ՝ երբեք մի ասա երբեք։ Ստացվում է, որ այս պահին Շարժման անդամ հանդիսացող կուսակցություններից միայն «Հայրենիքն» է, որ հայտարարել է ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «Հայրենիքում» էլ մասնակցության ձեւաչափը դեռ հայտնի չէ։ Արթուր Վանեցյանն ասել է, թե կքննարկեն ու կհայտարարեն։ Այսքանը այսքան ժամանակ փողոցում պայքարող ընդդիմության մասին։ Ընդդիմության մյուս հատվածներին, այդ թվում խորհրդարանական ընդդիմությանը, ինչպես նաեւ կառավարող կուսակցությանը, նրանց մասնակցության ձեւաչափերին ու հավանական դաշինքներին դեռ առիթներ կունենանք անդրադառնալու։