Զովունի համայնքում 11.9 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն
Հասարակություն
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն տվեց, որ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով (կադաստրային արժեքով) օտարվի «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում, պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողը իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:
ArmDaily.am-ի հետ զրույցում Զովունի վարչական շրջանի ղեկավար Արտաշես Ղարիբյանն ասաց, որ Զովունին արագ սիրվեց մարդկանց կողմից, որովհետև Երևանին շատ մոտ է գտնվում: Անդրադառնալով ներդրողի կողմից հետագայում կառուցվելիք շենքերի շահագործմանը, Ղարիբյանը նշեց, որ ներդրողն ինքն է վաճառելու բնակության համար նախատեսված բնակարանները:
«Ներդրողը ինքը վաճառելու է, նույնիսկ հիպոթեք տարբերակով, որովհետև ծրագիրն ամբողջությամբ դրա հիման վրա է դրված, դեռևս մեկ տարի առաջ էր այս ներդումային ծրագիրը դրվել»,-ասաց Արտաշես Ղարիբյանը:
Նա նշեց, որ իրենց միջնորդությամբ վերոհիշյալ ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 50 միլիոն դրամի՝ բարեգործական հիմունքներով, համայնքի համար կառուցել ֆուտբոլի դաշտ և մանկապարտեզի այգին վերանորոգել:
«Այսինքն 50 միլիոնի շրջանակներում այդ գործողությունները կկատարվեն՝ ծրագրի մեջ ներառված է: Ես մեր ավագանիների հետ աշխատում եմ նոր ներդրումներ մեր համայնք բերելու ուղղությամբ, ամեն ինչ անում ենք, որ էլ ավելի զարգացնենք համայնքը: Զովունի համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը բերրի չլինելու պատճառով մենք ավելի նպատակահարմար ենք գտնում, որ կարող է ինքը բնակելի մասը մեծանա՝ այսինքն բնակավայրի կամ բնակելի կառուցապատման տարածքները մեծացնենք՝ հողի նպատակային նշանակությունները փոփոխելու ընթացքում»,-ասաց համայնքապետը:
Ղարիբյանը նշեց, որ գյուղում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ են աշխատանքներ տանում, մի զգալի մասն արդեն կատարվել են, մյուս մասն էլ գտնվում է կառավարությունում՝ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում:
«Խմելու ջրի խնդիր ենք ունեցել՝ լուծել ենք մեծ մասը, մի մասն էլ լուծման փուլում է, ճանապարհերի հետ կապված, կոյուղագծեր ենք կառուցում, բոլոր ոլորտներին անդրադարձել ենք՝ աշխատանքներն էլ տանում ենք»,- հավելեց Ղարիբյանը:
Հայկա Ալոյան