Ի դեպ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հունիսի 20-ին
Ի դեպԻ դեպ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի մասին այդքան ասում, խոսում ու քննարկում էինք, իրականություն են դառնում։Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։Այս մասին հայտարարել է վաարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։Մեջբերեմ.«Տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Այս քաղաքական որոշմանն արձագանքել է խորհրդարանական մյուս ուժը՝ ԼՀԿ-ն։ Էդմոն Մարուքյանն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։
Վարչապետը ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման ԼՀԿ պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր։ Եվ քանի որ ԼՀԿ-ի համար սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում, հետեւաբար 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ԼՀԿ-ի համար ընդունելի է։ Այսպիսով, խորհրդարանական ուժերի միջեւ համաձայնությունը կայացավ։
Արտախորհրդարանական ուժերից «Ազգային փրկության շարժման» օրակարգը կարծես թե «ջրվեց» եւ այս կուսակցությունները պետք է որոշումներ կայացնեն ֆորմատի պահպանման կամ լուծարման, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ ընդհանրաապես հետագա գործունեության վերաբերյալ։ Իսկ խորհրդարանական ուժերի համաձայնությանը պիտի հետեւի վարչապետի հրաժարականը, դրանից հետո, եթե անակնկալ ու ֆորսմաժորային ինչ որ բան տեղի չունենա, խորհրդարանը երկու շաբաթում, երկու անգամ նոր վարչապետ չի ընտրի եւ հունիսի 20-ին տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եւ ուրեմն ընտրությունների օրը հայտնի է։ Դեռեւս անհայտ է, թե ընտրությունները ընտրական որ օրենսգրքով են անցկացվելու՝ գործող, թե նոր։Իսկ սա ահագին կարեւոր հարց է։Ինչեւէ. Թեեւ ընտրություններին դեռ 3 ամիս կա, սակայն ակնհայտ է, որ նախընտրական, ոչ պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է։