Ի դեպ. Դարձյալ արտահերթ ընտրությունների մասին
ADTVԻ դեպ, արտահերթ ընտրությունների հեռանկարը օր օրի կարծես թե ավելի ռեալ է դառնում։ Ճիշտ է, քաղաքական ուժերի միջեւ դեռ վերջնական համաձայնություն չկա, ավելին, դեռ նույնիսկ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը չի կայացել, սակայն պայմանականորեն ասած «հեռակա բանակցությունները»՝ հրապարակային հայտարությունները, ասուլիսներում ու ճեպազրույցներում արտահայտած մտքերը հասկացնել են տալիս, որ այդ համաձայնությունը այնքան էլ հեռու չէ։ Պարզվում է, դեռ դեկտեմբերին կայացած հանդիպումների ժամանակ համաձայնություն է ձեռք բերել, որ վարչապետի հրաժարականի պարագայում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի։ Այս համաձայնությունը հաստատվում է նաեւ այս օրերին՝ ԼՀԿ եւ ԲՀԿ ղեկավարների հրապարակային հայտարարություններում։ Այսպիսով արձանագրենք, որ հուշագրի թեման այլեւս արդիական չէ։ Այս համաձայնությունը մեկ այլ, ավելի կարեւոր նշանակություն ունի։ Այն, ասենք այսպես՝ «ջրում է» արտախորհրդարանական ընդդիմության մի հատվածի՝ «Ազգային փրկության շարժման» ճանապարհային քարտեզը։Հանրային ճնշման միջոցով վարչապետի հրաժարականին հասնել մինչ այս պահը հնարավոր չի եղել, հազիվ թե սրանից հետո էլ հնարավոր դառնա, բանակը, հայտնի հայտարարությունից հետո որեւէ գործողության չդիմեց ու սրանցից հետո էլ հազիվ թե դիմի, այսինքն մնում է ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության, կամ ավելի ճիշտ՝ հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակի պայմաններում։ ԼՀԿ-ն կարծես թե համաձայն է, համենայնդեպս հրապարակային հայտարարություններից այլ բան չի կարելի ենթադրել, ԲՀԿ-ն կորցնելու բան չունի, այսպես թե այնպես նա վաղուց «ամրագրել է» պատվավոր 2-րդ տեղը, Ռոբերտ Քոչարյանը միանշանակ հայտարարել է մասնակցելու եւ կրելու հավակնությունների մասին, մնացին մնացածը։ Դե եթե 17-ից, եթե դուրս ենք հանում 2-րդ նախագահին ու ԲՀԿ-ին, մյուսները կողմնորոշվելու ու իրենց ծրագրերն գործունեությունը այս իրավիճակին համապատասխանեցնելու խնդիր ունեն։ Բայց թող չստացվի այն տպավորությունը, թե ամեն ինչ այսքան հարթ է։ Եթե նույնիսկ համարենք, որ ընտրությունների անցկացման սկզբունքային հարցում համաձայնությունը «7 սարերի» ետեւում չէ, գոյություն ունեն մի քանի այլ հարցեր, որոնց շուրջ համաձայնությունը եւս կարեւոր է։ Զոր օրինակ՝ ընտրությունների անցկացման ժամկետները եւ ընտրական օրենսգիրքը։ Ինչ ժամկետներում են անցկացվելու եւ ընտրական որ օրենսգրքով՝ գործո՞ղ, թե՞ նոր։ Սրանք եւս համաձայնեցման ենթական հարցեր են։Ասում ենէ՝ եթե չի համաձայնեցվել ամեն ինչ, կնշանակի չի համաձայնեցվել ոչինչ։ Առաջիկա օրերին, հավանաբար, հստակեցումներ կլինեն։