Ի դեպ. Արտահերթ ընտրությունների մասին, նախագահի հրավերով չկայացած հանդիպումից հետո
ADTVԻ դեպ, հանրապետության նախագահի նախաձեռնած հանդիպումը, որին հրավիրված էին ՀՀ վարչապետը, խորհրդարանական ընդդիմության եւ «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները, ինչպես եւ սպասվում էր, չկայացավ։ Այս մասին նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե հանդիպման ձևաչափը դարձել է անիրագործելի, քանի որ հրավիրվածներից խորհրդարանական «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն են հրավերն ընդունել, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ են ներկայացրել:
Իրադարձությունների հետագա զարգացումների առումով այստեղ շատ կարեւոր նրբերանգ կա՝ ԲՀԿ-ի ու «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգն ու պայմանները նույնակա՞ն են, թե՞ տարբերակված։ «Հայրենիքի փրկության շարժումն» հայտարարեց, թե պատրաստ է հանդիպման, եթե դրա օրակարգում վարչապետի հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը եւ հետո միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հանդիպումն էլ պետք է անցկացվի ԱԺ-ում, ուղիղ հեռարձակմամբ։ Իսկ ինչ է ասում ԲՀԿ-ն։ Գագիկ Ծառուկյանը նպատակահարմար չէր համարել նախագահի նախաձԵռնած հանդիպմանը մասնակցել, քանի որ այնտեղ օրակարգի հետ կապված որոշակիություն չկար, իսկ հենց այնպես հանդիպել՝ հարկ չի համարում։ Իսկ ահա վարչապետի հետ Գագիկ Ծառուկյանը կհանդիպի, քանի որ, մեջբերում եմ՝ «Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք»։ Ինչ են քննարկելու Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Ինչ համաձայնության կարող են գալ։ Նիկոլ Փաշինյանը հավանաբար կկրկնի իր առաջարկը՝ հուշագիր ստորագրել այն մասին, որ իր հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի։ Լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ առաջնորդը մի փոքր բացեց այս հարցի հետ կապված իր դիրքորոշման փակագծերը. Մեջբերում եմ՝ «Մենք թեկնածու չենք դնելու, որովհետեւ դա անիմաստ է, մեր ձայները սաղ-սաղ երեսուն տոկոս է։ Երեսուն տոկոսով վարչապետ չի ընտրվում»։
Ինչ է սա։
«Փափուկ բա՞րձ» վարչապետի գլխի տակ, թե՞ «ռեալ պոլիտիկ»։ «Մեր խոսքը գո՞րծ է», թե՞ վարչապետի հրաժարականից հետո իրավիճակը կտրուկ կփոխվի։ Վարչապետի թեկնածու չառաջադրելու թեզը կամրագրի՞ Ծառուկյանը համապատասխան հուշագրով։ Թերեւս՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանին կբավարարի՞ Ծառուկյանի հրապարակային, բանավոր հայտարարությունը, դժվար է ասել։ Փոխհամաձայնություն դեռրեւս չկա, բայց դրա հնարավորությունը դեռ պահպանվում է։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունների մյուս տարբերակը ԱԺ լուծարումն է։ Իսկ դրա համար իրավական ու քաղաքական լուծումներ գտնելն այնքան էլ բարդ բան չէ։