«Հայաստանը թվերով»․ հունվարին՝ դեկտեմբերի համեմատ 46 երկրից 35-ում կա'մ արձանագրվել է գնանկում, կա'մ` գնաճը 1 %-ից ցածր է եղել, գներն ամենաշատն աճել են Հայաստանում
Exclusive
«Հայաստանը թվերով» շարքի շրջանակներում կանդրադառնանք սպառողական գների ինդեքսին Եվրամիության, ԱՊՀ և աշխարհի մի շարք այլ երկրներում։
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 46 պետությունների 2020 թ-ի գնաճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ։
Ըստ այդմ՝ 2020 թ-ին 46 պետություններից ամենաբարձր գնաճը 14.6 տոկոս՝ արձանագրվել է Թուրքիայում։ Բարձր գնաճ արձանագրած երկրորդ երկիրը Ղրղզստանն է, որտեղ անցած տարի գներն աճել են 9.7 տոկոսով։ Բարձր գնաճ արձանագրած երկրներից են նաև Ղազախստանն ու Բելառուսը, այս երկրներում 2020 թ-ի դեկտեմբերին 2019 թ-ի դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է համապատասխանաբար 7,5 և 7,4 տոկոս գնաճ։
Մեր տարածաշրջանի երկրներից ամենացածր գնաճն արձանագրվել է Վրաստանում՝ 2,4 տոկոս։ Ռուսաստանում գները բարձրացել են 4,9 տոկոսով, իսկ Հայաստանում գնաճը կազմել է 3,7 տոկոս։ Ադրբեջանի վերաբերյալ տեղեկություն ՀՀ ԱՎԿ-ին չի տեղադրել։
Պետք է նշել նաև ամենևին էլ ոչ բոլոր երկրներում է արձանագրվել գների բարձրացում։ Մասնավորապես, 46 պետություններից 15—ում արձանագրվել է գնանկում։ Գներն ամենաշատը նվազել են Հունաստանում 2,4 տոկոս, Սլովենիայում և Ճապոնիայում գներն իջել են 1,4 տոկոսով։ Գնանկում են արձանագրվել հիմնականում եվրոպական պետություններում։
Միաժամանակ, նշենք, որ 1 տոկոսից ցածր գնաճ է արձանագրվել 46 պետություններից 13-ում։
Հատկանշական է, որ 2021 թ-ի հունվարին՝ 2020 թ-ի դեկտեմբերի համեմատ մեկամսյա ամենաբարձր գնաճը 46 պետությունների շարքում արձանագրվել է հենց Հայաստանում՝ 2,2 տոկոս։ Հայաստանից հետո՝ գներն ամենաշատն աճել են Թուրքիայում, որտեղ այս տարվա առաջին ամսում գները բարձրացել են 1,7 տոկոսով։ Պետք է նշել նաև, որ հունվարին 46 պետություններից 35 –ում կամ արձանագրվել է գնանկում, կամ գնաճը 1 տոկոսից էլ ցածր է եղել։