Ի դեպ. ՀՀ նախագահի նախաձեռնած հանդիպման մասին. Կկայանա՞ այն, թե՞ ոչ
Ի դեպԻ դեպ, այն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է ու խորանում, այն որ այսպես շարունակել չի կարելի եւ հանգուցալուծում է հարկավոր, կարծես, թե ընդունում են բոլորը։ Քաղաքական առավել ակտիվ ուժերը հրապարակ են բերել ճգնաժամի հաղթահարման սեփական ճանապարհային սեփական քարտեզները, սակայն ակնհայտ է, որ դրանցից որեւէ մեկը իրականություն չի դառնա, առանց մյուսների հետ համաձայնության ու փոխզիջումային լուծումների։ Լուծում գտնելու մի փորձ է նախաձեռնել հանրապետության նախագահը։ Նա ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին» վաղը՝ շաբաթ մարտի 13-ին, հրավիրել է հանդիպման։ Այստեղ իհարկե խնդրահարույց է հանդիպման հրավիրվածների կազմը։
Հարց կարող է առաջանալ, թե ինչու է արտախորհրդարանական ուժերից հրավիրվել «Ազգային փրկության շարժումը» իսկ իսկ մյուսները՝ ոչ։ Ինչ սկզբունքով է կատարվել ընտրությունը։ Բայց սա թողնենք մի կողմ։ Խորհրդարանական ուժերից երկուսը՝ իշխանական «Իմ քայլը» եւ Լուսավոր Հայաստանն հայտարարել են, որ ընդունում են հրավերը եւ պատրաստ են մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը։ Իսկ ահա «Ազգային փրկության շարժումը» հայտարարել է, թե համաձայն է մասնակցել հանդիպմանը՝ միայն վարչապետի հրաժարականի օրակարգով եւ միայն ուղիղ հեռարձակմամբ։ Ծանոթ նախապայման է, չէ՞։ Մնաց ԲՀԿ-ն։ ԲՀԿ-ն համապատասխան որոշումը այս պահին դեռ չի հրապարակել, սակայն ըստ շրջանառվող լուրերի, այն կլինի, ասենք այսպես՝ 17-ի ֆորմատի «գծի» մեջ։ Մնում է հասկանալ, թե այս անգամ ում են սխալ զեկուցում իրավիճակը՝ իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը։ Ինչեւէ. Եթե այս նախաձեռնության մասնակիցները հակված լինեին փոխզիջումային լուծումների, ապա ամենաօպտիմալ լուծումը թեւրեւս կլիներ հետեւյալը. քաղաքական ուժերը կարող էին պահանջել վարչապետի հրաժարականը, վարչապետը կարող էր ընդունել այդ առաջարկը, պայմանով, որ նրանք վարչապետի նոր թեկնածու չեն առաջադրի։ Վարչապետն իր հերթին կարող էր առաջարկել հուշագիր ստորագրել այդ մասին, քաղաքական ուժերը կարող էին հրաժարվել, բայց բանավոր ու ջենտլմենական համաձայնության գալ, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի։
Շարունակությունն արդեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետների որոշումը կլիներ՝ ըստ օրենքի ու փախհամաձայնեցված։ Բայց եթե 17-ն ու ԲՀԿ-ն նախապես պնդում են իրենց օրակարգը, ապա կասկածի տակ է դրվում հանդիպման իմաստն ընդհանրապես։ Եվ հնարավոր է, որ այդ հանդիպումն այդպես էլ չկայանա։ Հատկապես, որ նախագահի մոտ, ըստ չճշտված տեղեկությունների, առողջական խնդիրներ են առաջացել։