Ի դեպ, ԳՇ - կառավարություն կամ Նիկոլ Փաշինյան - Օնիկ Գասպարյան հակամարտությանն այսօր անդրադարձել է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը։ «Արձանագրումներ պահի թելադրանքով» վերտառությամբ հրապարակման մեջ նա մի կողմից լիովին հասկանալի է համարում զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը, մյուս կողմից՝ նրբորեն հասկացնել է տալիս, որ այդուամենայնիվ դա միջամտություն է բանակի իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին։
Իսկ պատճատը՝ ոչ այլ ինչն է, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Այս ամենով հանդերձ, 1-ին նախագահը ողջունել է զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Այստեղ, թեեւ կոնկրետ չեն նշվում «որոշ ուժերի» անունները, սակայն հասկանալի է, թե, ասենք այսպես՝ «քարերն ում բոստանն են գլորված»։ Խոսքը վստահաբար 17-ի ֆորմատի մասին է՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Վազգեն Մանուկյանից հետո Լեւոն Տեր Պետրոսյանն անցնում է մյուս հասցեատիրոջը։
Մեջբերում. «Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այստեղ էլ, թեեւ անուններ չեն հնչում, սակայն ակնհայտ է, որ հասցեատերը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Հենց նա էր իր վերջին ասուլիսի ժամանակ հորդորել չվախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից, նշելով, որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ այդ ճանապարհով է հնարավոր եղել փրկել պետականությունն ու զարգացնել տնտեսությունը, բերել էր Հարավային Կորեայի եւ Եգիպտոսի օրինակները։
1-ին նախագահն ասում է, թե այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան և այլն): Ուստի, Լեւոն Տեր Պետրոսյանն հայության պարտքն է համարում բացառապես այս գիտակցությամբ առաջնորդվելը եւ ամեն ինչ անելը, որպեսզի Հայաստանը չլրացնի հիշյալ պետությունների շարքը: Ավելի պարզ ասած՝ բանակի վրդովմունքը հասկանալի է, զինվորականների զուսպ պահվածքը ողջունելի, ռազմական հեղաշրջումը՝ անընդունելի։ Քաղաքական ճգնաժամաը հաղթահարելու համար մնում է մեկ օրինական ճանապարհ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

