ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի ունեցվածքը:
Ով է Արման Աբովյանը
Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում:
1991թ. ընդունվել է Հայկական բաց համալսարանի կառավարման ֆակուլտետ (չի ավարտել):
Մասնակցել է ԱՄՆ պետական դեպարտամենտի բժշկական (2006թ. եւ 2011թ.) եւ հակաահաբեկչական (2007թ.) կրթական ծրագրերին, բազմաթիվ միջազգային եւ համահայկական սեմինարների, դասընթացների, հավաքների Հայաստանում եւ արտերկրում:
1999-2001թթ. աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում: 2001-2013թթ.՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում: 2012-2014թթ.՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն: 2013-2015թթ. հիմնադրել եւ ղեկավարել է «Կանաս եւ Ջեքսոն» քաղաքական-վերլուծական կազմակերպությունը: 2013-2015թթ. եղել է Ուկրաինայի «Ուկրմոնտաժսպեցստրոյ» պետական ունիտար կազմակերպության նախագահի խորհրդական: 2015-2017թթ.՝ «Արարատգրուպ» ընկերության բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար: 2013-2018թթ.՝ «Նովոստի Արմենիա», «Ռեգնում», «Եվրասիա դեյլի», «Ֆրոնտնյուզ» տեղեկատվական-վերլուծական պորտալների հավատարմագրված քաղաքական վերլուծաբան: 2016-2018թթ.՝ «Ռադիո Վան»-ի «Ճշմարտության եզրեր» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2017-2018թթ.՝ «Փոքրիկ երկիր» վերլուծական ծրագրի համահեղինակ-վարող:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է ԱՄՆ պետական դեպարտամենտի «Լավագույն աշխատող» (2006թ. եւ 2008թ.) պատվոգրերով:
Քաղաքական-վերլուծական բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
Ունեցվածքը
Արման Աբովյանը պաշտոնը ստանձնելուց հետո` 2019թ-ի դեկտեմբերի 27-ին, բնակարան է ձեռք բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում` 55,000 ԱՄՆ դոլարով: 2019թ-ի ընթացքում 2 մլն դրամով Աբովյանը գնել է SUZUKI KIZASHI 2.4 մակնիշի ավտոմեքենա: Նույն տարվա ընթացքում Աբովյանը օտարել է իր NISSAN մակնիշի մեքենան:
Որպես կանխիկ գումար Աբովյանը հայտարարագրել է 200,000 դրամ, իսկ տարվա ընթացքում նրա ստացած աշխատավարձը կազմել է 9,003,090 դրամ:
Արման Աբովյանի կինը` Նատալիյա Բուկովսկան որպես միանձնյա սեփականություն հայտարարագրել է 2 բնակարան, մեկը` Երևանում, իսկ մյուսը` Ուկրաինայի Կիև քաղաքում: Նա հայտարարագրել է նաև MAZDA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2015թ-ին: Որպես կանխիկ դրամ Բուկովսկան հայտարարագրել է 54,000 դրամ, իսկ Մուլտի Գրուպ Կոնցեռն ՍՊԸ-ից տարվա ընթացքում վերջինս ստացել է 105,417 դրամ:

