ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Հայաստանում նշվող տոներին, ներկայացնելով, թե ինչպես են դրանք նշվում, ինչից կամ ումից են սկիզբ առել և տարիներ անց ինչպես են շարունակում տոնել։
Այս անգամ խոսելու ենք Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի մասին:
Կանանց միջազգային օր նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։ Տոնի սկզբնական անվանումը եղել է Աշխատավոր կանանց միջազգային օր:
Երբ և ինչու Մարտի 8-ին սկսեցին նշել կանանց տոնը
1909 թվականի փետրվարի 28-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը Նյու Յորքում կազմակերպեց «կանանց օրը», որից հետո գերմանացի հեղափոխական Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին առաջարկեց մարտի 8-ը նշել որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Այդ օրվանից մարտի ութը համարվում է Կանանց միջազգային օրը կամ աշխատավոր Կանանց միջազգային օրը։ 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի ութը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը:
Կանանց միջազգային օրն այսօր տարբեր երկրներում նշվում է տարբեր կերպ․ որոշ երկրներում այն հանրային տոն է, այլ վայրերում՝ ամբողջությամբ անտեսվում է, որոշ վայրերում այս օրը բողոքների և պայքարի, որոշ վայրերում՝ կանացիության փառաբանման օր է։
Մարտի 8-ը` Հայաստանում
Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության և գեղեցկության տոն», որը նաև խորհրդային անցյալից հրաժարվելու փորձ էր։ Ապրիլի 7-ը առնչվում է քրիստոնեական Ավետման տոնի հետ։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, Հայաստանում նորից վերականգնվեց 2001 թվականին: Հայաստանում մարտի ութն անվանվում է «Կանանց տոն» և համարվում է հանրային, ոչ աշխատանքային տոն։

