Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ վարչական շրջանում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը: Դրոշի վրա պատկերացված է խաչը, այն ունի 4*8 մետր երկարություն ու ծածանվում է 30 մետր բարձրության վրա:
Հիշեցնենք, որ դրոշի տեղադրումը նախաձեռնել էր Գորիս խոշորացված համայնքի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
ArmDaily.am-ի հետ զրույցում շուռնուխցի Աշխարհապետը՝ Արարատ Աղաբեկյանն ասաց, որ դրոշի տեղադրումն առաջին հերթին հոգեբանական կարևոր ազդեցություն ուներ: Նա շեշտում է, որ ադրբեջանցիներն ամենուր՝ մեծ թե փոքր, Ադրբեջանի դրոշներ են տեղադրել ու ադրբեջաներեն ցուցանակներ, ինչը շատ ճնշող ազդեցություն էր ունենում թե տեղացիների, թե այդ համայնքներ այցելող ցանկացած հայի համար:
«Այս դրոշին նայելով կգոտեպնդվենք: Այս դրոշով ցույց ենք տալիս թշնամուն, որ մենք հավատարիմ ենք մեր հայրենիքին, պետությանը, բանակին ու եկեղեցուն: Այս դրոշի նշանակությունը սակայն այն է, որ այստեղից այն տեղափոխվելու է առաջ՝ տեղադրվելու է թշնամու կողմից օկուպացված տարածքներն ազատագրելուց հետո»,-ասաց Աղաբեկյանը:
Գորիսի համայնքապետի ռազմական հարցերով խորհրդականը նշեց նաև, որ ՀՀ դրոշների տեղադրումը շարունակակն բնույթ է ունենալու: Աշխարհապետն ասաց,որ ադրբեջանցիների մոտ արդեն իսկ ճնշվածության զգացումը զգացնել է տալիս՝ դրոշի բարձրացնելուց հետո: Այսօր դրոշի բարձրացման արարողությանը ներկա են եղել Գորիս խոշորացված համայնքի համայւնքապետ Առուշ Առուշանյանը, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, Սյունիքի համայնքների գրեթե բոլոր համայնքապետերը՝ Կապանի, Սիսիանի, Քաջարանի համայնքապետերը, հոգևորականներն ու քաղաքական որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ: Դրոշի բարձրացմանը հաջորդել է տոնախմբությունը:
Հայկա Ալոյան

