Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է, տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը:
Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նախարար Ավանեսյանը եղել է Ստեփանակերտի բժշկական կենտրոնում, ապա այցելել ԱՀ ԱՆ «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն»:

