Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ռուսական լրատվամիջոցներին երկու մեսիջ ուներ, նախ՝ երկրորդ նախագահն ասում էր, որ եթե ինքը վերադառնա իշխանության՝ կարող է երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարել, քանի որ ունի և համապատասխան փորձ, կարողունակություն և համապատասխան թիմ։ Երկրորդ մեսիջն ուղղված էր իշխանությանը և ընդդիմությանը, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում տարբեր երկրների հեղաշրջումների հետ և, ըստ էության, նման զարգացումը չբացառվեց։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր Սուրեն Պետրոսյանը։
«Մեսիջը թերևս այն էր, որ պետք չէ շատ «կարմիր գծեր» անցնել, որովհետև «կարմիր գծերն» անցնելու դեպքում ռազմական հեղաշրջումը կարող է հիմնավորված և արդարացված լինել։ Կարծում եմ, ցանկացած պարագայում ռազմական հեղաշրջումն արդարացնել չի կարելի հաշվի առնելով քաղաքական համակարգի ամբողջ բարդությունը, սա ծայրահեղ վատ նախադեպ կարող է լինել մեզ համար։ Հետևաբար, ընդդիմադիր դաշտի անկարողություւնը կամ մոբիլիզացնելու անկարողությունը պետք չէ փոխրինել «ավելի հեշտ» գաղափարով՝ ռազմական հեղաշրջմամբ, կրակոցներով, այս ճանապարհը կարող է պետության և պետականության կորստի վերջին մեխը լինել։ Հետևաբար մենք պետք է կարողանանք գործել ոչ թե հատվածային, շահի շրջանակում, այլ ազգային շահի շրջանակում, և իշխանական խմբերից ոչ մեկ չպետք է գայթակղվի քաղաքական համակարգի խարխլված վիճակով և ունենա գաղթակղություն՝ իշխանությունը արագ, առանց սահմանադրական ճանապարհի իշխանություն ունենալու համար»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե ինքը երբեք չի պարտվել ընտրություններում և այս պնդման հակադարձումներին, թե այդ ընտրույթունները մշտապես կեղծված էին լինում՝ Պետրոսյանն ասաց, որ կդժվարանար ասել, որ եթե ընտրույթուննրը չկեղծվեին՝ Քոչարյանը կընտրվեր, թե ոչ, քանի կեղծիքի չափի օբյեկտիվ չափաբաժինը հայտնի չէ, սակայն այն որ 1996 թ-ից ի վեր՝ անխտիր բոլոր ընտրությունները կեղծվել են՝ փաստ է։ «Ընդ որում՝ ընտրությունների կեղծումը ինստիտուցիոնալացվել է տարիների ընթացքում, այսինքն, ընտրությունների գործընթացները պետք է լինեին հստակ, իսկ արդյունքը պետք է լինեին անորոշ, սակայն մեզ մոտ մշտապես հակառակն է եղել։ Ընտրական գործընթացները եղել են անորոշ, իսկ արդյունքը՝ նախապես հայտնի ու հստակ, հարց էր միայն տոկոսների բաշխվածությունը։ Եթե մենք իրականում ուզում ենք դուրս բերել երկիրն այս ճգնաժամանյին իրավիճակից՝ ուրեմն պետք է կարողանանք օբյեկտիվորեն ընդունել անցյալն այնպիսին ինչպիսին այն կար՝ սխալներով հանդերձ ու, ի վերջո, ախտորոշենք այն իրականությունը, որ առկա է՝ զերծ մնալով մեր համար այդքան բաղձալի խմաբային և անհատական շահերից»։
Անդրադառնալով առկա իրավիճակին ու ընտրությունների անցկացման դեպքում ուժերի հնարավոր հարաբերակցությանը՝ նա ընդգծեց, որ որքան էլ ցավալի փաստ է, սակայն ակնհայտ է, որ ներկա իշխանությունը ունի այս պահին բավականին մեծ աջակցություն։ «Թերևս, իրենք 30 տոկոսի շեմը կարող են անցնել, երկրորդ նախագահի պարագայում ես կդժվարանամ որևէ ցուցանիշ ասել, քանի որ մենք խորհրդարանական երկիր ենք ու Խորհրդարանում կուսակցական ներկայացվածություն պետք է լինի, սակայն մենք չգիտենք՝ երկրորդ նախագահը ինչ կուսակցությամբ կգնա ընտրությունների, դա կլինի նոր կուսակցություն, թե կհենվի գործող ուժերից որևէ մեկի վրա։ Այդ հանգամանքը կարող է էապես ազդել ընտրություններում արդյունքի վրա»,-ասաց նա։
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների համար ասուլիսի կազմակերպմանը, ինչպես նաև ՌԴ նախագահի մամլո խոսնակի՝ Քոչարյանի մասին հնչեցրած տեսակետին՝ նա նշեց, որ սա ամենևին էլ պետք չէ ընկալել որպես մեսիջ, թե ռուսական կողմի նախընտրելի թեկնածուն հենց Քոչարյանն է։ «Սրանից դեռ շատ ժամանակ առաջ գործընթացները այլ կերպ կարող էին ընթանալ, և մենք չպետք է մոռանանք, որ կայսրությունների դեպքում կան մշտական շահեր։ Բարեկամներն ունեն իհարկե բարեկամության որոշակի չափ՝ գործընթացների վրա ազդելու, բայց դրանք շատ փոքր են։ Հիմնական խնդիները լուծվում են գերական շահերի ընթացքում։ Եթե գերակա շահերը համընկնեն օբյեկտիվորեն և կիրառական, ապա օր-օրի մենք ազդեցություն կտեսնենք, բայց սա ես չեմ կարող համարել էական և ուղիղ աջակցություն»։
Հանրության ուշադրությունից չէր վրիպել այն, որ երբ ասուլիսի ընթացքում Քոչարյանը սուրճ խնդրեց՝ նրան սուրճը մատուցեց իր դուստր՝ Գայանեն։ Քաղաքագետն ասաց, որ ժողովրդի մոտ Քոչարյանի մասին արմատացած է ամուր բռունցք ունեցող ու կոպիտ լիդերի կերպարը։ «Նշանակություն չունի, դա արդարացի է, թե անարդարացի ձևավորված կարծիք է իր մասին։ Քանի որ մենք հիմա ունենք մարդկանց պահանջմունքների փոփոխություն և քաղաքական դաշտի փոփոխություն՝ ըստ էության, ձախողվում է նաև քաղաքական դերակատարի իմիջը՝ ավելի շատ դեպի ընտանեկան մարդու կերպարի ձևավորում։ Սա կարելի է այս գործընթացի մի մասը համարել»։

