Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Եռաբլուր էին այցելել նաև ԵԿՄ վարչության ղեկավարն ու անդամները։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԿՄ անդամներից շատերը հայտարարում էին, որ Հայաստանը երեսուն տարի բանակ չի ունեցել ու միայն հիմա են բանակի ստեղծման հիմքերը դրվում։ Որոշ անդամներ էլ շնորհակալություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար։
Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը երեսուն տարի բանակ ունեցել է։
«Ես տեսել եմ բանակ, բանակ մենք ունեցել ենք, մեր բանակը հաղթանակներ է տարել։ 1994 թվականին ո՞վ այդ հաղթանակները տարավ ու դրանք ամրագրեց»,-ասաց Մելքոնյանը։
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նա ասաց, որ հեկտեմբերի 9-ին կամ 10-ին, երբ որ Ռուսաստանը փորձեց հրադադար անել, չկայացավ, քանի որ թուրքերը չուզեցին։
«Բա ինչի՞ չկանգնեցրեց Լավրովը, թող կանգնեցներ, այդ ժամանակ գնացինք հրադադարի,թեկուզ զոհվածների դիակները հավաքեին, բա ինչի՞ է Լավրովը սուտ խոսում։ Լավրովից հետո Ֆրանսիան ու ԱՄՆ-ն փորձեցին կանգնեցնել,բայց չկարողացան, բա ինչի՞ չկանգնեցրին»,-ասաց նախկին փոխնախարարը։
Անդրադառնալով Գլխավոր Շտաբի հրաժարականի պահանջին, Գլխավոր Շտաբի պետի ու վարչապետի հակամարտությանը, Մելքոնյանն ասաց,որ հարցն արդեն լուծվել, վերջացել է։
«Գլխավոր Շտաբի պետին արդեն գործից ազատել են, ամեն ինչ ընկնում է իր տեղը, պրծնում է։Մարդիկ էլ,ովքեր որ հրաժարականը պահանջել են, իրենց մեծ մասը փոշմանել է ու աշխատելու է, ով էլ չի ուզում՝ հրաժարական կգրի՝ դուրս կգա, ով էլ մնում է ծառայի՝ թող ծառայի»,-ասաց Մելքոնյանը։
Գագիկ Մելքոնյանն ասում է, որ բանակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չեն ուզում և Գլխավոր Շտաբի հայտարարությունը չի արտացոլում ամբողջ բանակի կարծիքը։
Ինչ վերաբերում է Գլխավոր Շտաբը Պաշտպանության նախարարության վերահսկողության տակ տանելուն, դրա մեջ վերջինս ոչ մի վատ բան չի տեսնում, ընդհակառակը այդպես ավելի կայուն կլինի ըստ նրա։ Հստակ կլինի,թե ով է հիմնական պատասխանատուն։ Նա գտնում է, որ պետք է լինի Պնախարար և նրա գլխավոր ու առաջին տեղակալ՝ Գլխավոր Շտաբի պետը։
Մեր դիտարկմանը, թե արդյոք դրական է վերաբերում Վաղարշակ Հարությունյանի այն հայտարարությանը, որ բանակի օպտիմալացում է նախատեսվում այն դեպքում,երբ Ադրբեջանի հետ անմիջական սահմանը երկարացել է 520 կմ,-ով, իսկ Արցախի 75 տոկոսը գրավելուց հետո էլ շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը,Մելքոնյանն ասաց.«Քեզ ո՞վ է ասել, որ Արցախի 75 տոկոսը օկուպացրել է, էդ ո՞վ է ասել, է՞դ ով է չափել։ Հադրութը 75 տոկոս ա՞»։
Մեր հակադարձմանն ի պատասխան ասաց, որ Քարվաճառը մերը չի եղել.«1990 թվականին դա եղել է ադրբեջանական տարածք։ Դա Ադրբեջանի տարածք է, որ 90-ականներին մենք վերցրել ենք, գրավել ենք։ Մենք խոսում ենք 90-ականների մասին, երբ Սովետական միության անդամ ենք եղել ու դուրս ենք եկել էդ միությունից։ Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը»,- ասաց Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է բանակի օպտիմալացմանը, Մելքոնյանն ասաց, որ նշանակություն ունի,թե վերջինս ինչ ի նկատի ունի օպտիմալացում ասելով։ Մասնավորապես, նա տարակուսում է, թե կրճատում ինչպես կարող է լինել, եթե մեր սահմանները երկարել են։
«Մենք պետք է մտածենք պայմանագրային, պրոֆեսիոնալ բանակի մասին։ Իհարկե պայմանագրայինների թիվը պիտի շատացվի, մենք պիտի ունենանք պրոֆեսիոնալ բանակ»,-ասաց նախկին փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Սյունիքում ադրբեջանցիների կողմից խրամատների փորմանը՝ ասաց. «Իրենք իրենց տարածքներում խրամատներ են փորում։ Դուք էլ մեր կողմը փորեք։ Դա պատերազմի նշան չի, նրանք երբեք ռիսկ չեն անի հարձակվեն մեր տարածքների վրա, այնպես որ մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ուժեղ լինենք, որ էդ ամեն ինչին կարողանանք դիմակայել»։
Հայկա Ալոյան

