Սահմանադրական դատարանը ունի սահմանադրական մարմինների միջև իրենց լիազորությունների իրացման վերաբերյալ վեճերի լուծման գործառույթ։ Դասական իմաստով ԲԴԽ-ն հիմք ունի դիմելու ՍԴ, որովհետև ոչ թե ԱԺ-ն իրավունք է չարաշահել, այլ ԱԺ-ն իր սահմանադրական պարտականությունը պարզապես չի կատարում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն ՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Վճռաբեկ դատարանի անդամներին չընտրելուն։
«Մենք խոսում ենք ԱԺ պատգամավորների մասին, որոնք բացառապես վարձատրվում են պետական բյուջեից նրա համար, որպեսզի կատարեն իրենց սահմանադրական պարտականությունները։ Սահմանադրական պարտականությունների մեջ չի մտնում, օրինակ, այնպիսի իրավական գիտելիքների տոտալ բացակայությունը, երբ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին ներկայացնելիս ԲԴԽ-ի նախագահի վրա ԱԺ-ում տեղի է ունենում ոհմակային հարձակում։ Եթե իրենց կարգավիճակի, լիազորությունների մասին պիմիտիվ իրավական գիտելիքներ ունենային ԱԺ պատգամավորները, որոնք կրկին վարձատրվում են ՀՀ պետական բյուջեից և պարգևավճարներ են ստանում ի հաշիվ պետական բյուջեի՝ կհասկանային, որ կարող էին մի ձևաչափ ընտրել՝ հրավիրել ԲԴԽ նախագահին քննարկման և նման հարցերով չծանրաբեռնեին ԱԺ լիագումար նիստը, բայց ոչ թե լիագումար նիստում իրենց պարտականությունները կատարելու փոխարեն վերածեին մի պիմիտիվ շոուի»։
Նա ընդգծեց, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ հաճախ խնդիր են տեսնում Վճռաբեկ դատարանում, երբ իրենց գործերը շատ դանդաղ են քննվում, եթե այդ դատավորները ընտրվեին՝ այս 2-3 օրվա ընթացքում էլ կտեսնեինք տարբերություն և օբյեկտիվորեն ավելի արագ գործերի քննության պրոցես կգնար։ Մինչդեռ, դա տեղի չի ունենում, քանի որ ունենք այն ԱԺ-ն՝ ինչ ունենք։ «Խոսքն, իհարկե, կայծակնային փոփոխության և արագությամբ գործերի քննության մասին չէ։ Տարբերությունը կլիներ չնչին, բայց ԱԺ-ն՝ ի հարշիվ նաև այդ իրավունքների՝ որոշեց մատնվել անգործության»։
Անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ ԲԴԽ նախագահին ուղղված հարցադրմանը, թե վերջինս իրեն «վնգստացող դատավորների շարքին է դասո՞ւմ, թե հայրենիքին նվիրվածների»՝ Վարդևանյանն ասաց, որ ակնհատ է ու միանշանակ, որ պատգամավորներից մեկի, որը հայտնի է զինապարտությունից դիտավորությամբ խուսափելով, հնչեցրած արտահայտությունները իրենց մեջ պարունակում են անհարգալից վերաբերմունքի Քրեական օրենգրքով նախատեսված արարքի հատկանիշներ։ «Նման դեպք մենք էլի ենք ունեցել, իմ պաշտպանյալներն էին այն երիտասարդները, ովքեր դատավոր Աննա Դանիբեկյանին հարցրել էին, թե դուք վնգստացող դատավոր եք, թե ոչ։ Քրեական գործը դատախազության կողմից ժամերի ընթացքում հարուցվել էր՝ ելնելով այն հանգամանքից, որ դատավորի նկատմամբ եղել է անհարգալից վերաբերմունք։ Այսինքն, կոնտրետավորված դատավորի նկատմամբ նման ձևակերպում հնչեցնելն արժանացել էր քրեական հետապնդման։ Այս պայմաններում, ես զարմացած եմ, որ դատախազությունը հանրային մեղադրանքին քրեական գործի տիրույթում գտնվող այդ հարցին ոչ մի միջոց չի ձեռնարկել։ Բայց կարծում եմ, որ ԲԴԽ-ն կամ խորհրդի նախագահը պետք է հայտարարությամբ կամ գրությամբ այս հարցի վրա դատախազության ուշադրությունը հրավիրեն։ Դա պարտադիր է, եթե նման գործողություն կատարվի՝ դա կլինի նաև զսպման միջոցներից մեկը, քանի որ չի կարող լինել նման իրավիճակ, մեզանից ոչ ոք չի պատկերացնում, որ նման մակարդակի ԱԺ մենք պետք է ունենանք»

