Ի դեպ, Հայաստանյան ներքաղաքական դաշտում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ խորհրդարանական ԼՀ կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել վարչապետի՝ ավելի վաղ առաջարկած հուշագիրը։ Հիշեցնեմ, այդ հուշագրով խորհրդարանական ընդդիմությունը համաձայնում է չառաջադրել վարչապետի թեկնածու, արդյունքում նոր վարչապետ չի ընտրվում եւ գնում ենք արտահերթ ընտրությունների։ Այս հարցով արդեն տեղի է ունեցել Փաշինյան-Մարուքյան հանդիպումը, վերջնական համաձայնություն դեռ չկա, բայց շատ հավանական է, որ առաջիկա օրերին կլինի։ Մնում է ԲՀԿ-ն։
Այս կուսակցությունը բավական առանձնահատուկ վիճակում է հայտնվել ու նրա դիրքորոշումից շատ բան է կախված։ Կմիանա այսպես ասած «հուշագրային գործընթացին», սեղմ ժամկետներում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը շատ իրատեսական կդառնա, չի միանա՝ պրոցեսը կդանդաղի կամ կդադարի անորոշ ժամանակով։ Չմոռանանք, որ ԲՀԿ-ն խորհրդարանական երկրորդ ուժը լինելուց զատ, ներգրավված է նաեւ 17-ի ֆորմատում, որտեղ անընդունելի են համարում ընտրությունների անցկացումը Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում։
Ի՞նչ որոշում կընդունի ԲՀԿ-ն։ Ընդունել վարչապետի օրակարգը եւ 17-ի կողմից մեղադրվել իշխանական օրակարգը սպասարկելո՞ւ մեջ, թե՞ մնալ 17-ի սցենարի շրջանակներում ու քննադատվել իշխանության կողմից՝ ժողովրդի կամարտահայտությունը արհամարելու եւ իրավիճակի կայունացմանը խոչընդոտելու մեջ։ Ենթադրվում է, որ ԲՀԿ առաջնորդը, մինչեւ առաջիկա օրերին կայանալիք ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի արդյունքներով պիտի որոշում կայացվի, հարցը կքննարկի 17-ի ֆորմատի առաջնորդների հետ։ Շատ հավանական է, որ 17-ի ֆորմատից զատ Գագիկ Ծառուկյանը նման մի քննարկում էլ ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ։ 2-րդ նախագահը, չնայած աջակցում է 17-ի ֆորմատին, սակայն իր օրակարգով տարբերակված է 17-ից։ Նա «էն գլխից» հայտարարել ու նախօրեին էլ վերահաստատել է, որ եթե ընտրություններ լինեն, ապա հավակնում է մասնակցելու եւ հաղթելու։ Դատելով նրանից, որ ընտրությունների թեմայի վերբեռնումից հետո ԲՀԿ-ն լուռ է եւ չի պնդել իր նախկին կոշտ մերժողական դիրքորոշումը, ավելի հավանական է թվում, որ ԲՀԿ-ն եւս կգնա հուշագրի ստորագրման։ Ենթադրվում է, որ եթե ոչ այսօր-վաղը, ապա հաջորդ շաբաթվա սկզբին արտահերթ ընտրությունների հարցում հստակություն կլինի։ Ամենայն հավանականությամբ՝ փոխհամաձայնություն եւ հնարավոր սեղմ ժամկետներում արտահերթ ընտրությունների անցկացում։

