Այսօր Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, նշելով, որ տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ:
Նշենք, որ սա 2-րդ տարին է, որ Հայաստանը հրաժարվում է «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց։ Նախորդ դեպքում 2012թ-ին Հայաստանը հրաժարվեց, քանի որ 2011թ-ին մրցույթում հաղթել էր Ադրբեջանը, իսկ ըստ մրցույթի կանոնների, հաղթող երկիրն է հաջորդ տարի կազմակերպելու երգի մրցույթը։ Ի դեպ 2011թ-ին Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնում էր Էմմին «Բում Բում» երգով, ով եզրափակիչ չանցավ։ Հայաստանը եզրափակիչ չի անցել նաև 2018թ-ին (Սևակ Խանաղյան՝ «Քամի» երգով) և 2019թ-ին (Սրբուկ՝ «Walking Out» երգով)։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը 2020թ-ին համավարակի պատճառով տեղի չունեցավ։ Այն պետք է տեղի ունենար Ռոտերդամում, իսկ Հայաստանը ներկայացնելու էր Աթենա Մանուկյանը՝ «Chains On You» երգով։ Այս տարի մրցույթն անցկացվելու է Ռոտերդամում և եթե Հայաստանը մասնակցեր, ներկայացնելու էր Աթենա Մանուկյանը։
Հավելենք, որ Հայաստանը երգի մրցույթին սկսել է մասնակցել 2006թ-ից։ Առաջին անգամ այս մրցույթին մեր երկիրը ներկայացրել է Անդրեն՝ «Without Your Love» երգով և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը, իսկ ամենաբարձր հորիզոնականը (4-րդ տեղ) զբաղեցրել է Սիրուշոն՝ 2008թ-ին «Քելե Քելե» երգով։

