Ես միշտ ասում եմ, որ առաջին հերթին իշխանությունների և ընդհանրապես քաղաքական վերնախավի ներկայացուցիչները իրենց պիտի պարկեշտ պահեն, որպեսզի կարողանան նաև համապատասխան պահանջ ներկայացնեն լրագրողներին։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եռաբուրում Անդրանիկ Քոչարյանի և Սասուն Միքայելյանի կողմից լրագրողներին վիրավորելու ու հրելու միջադեպին, ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Միանշանակ կարծում եմ, որ այստեղ անելիք ունի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը, որը իմ հիշելով վերջին տարիներին ոչ մի անգամ չի հավաքվել և որևէ միջադեպի վերաբերյալ իր գանահատականը չի տվել, որը ընդունելի չէ, քանի որ բազմաթիվ միջադեպեր կային, երբ խորհրդարանի անդամները լրագրողների հետ շփվելիս իրենց անպարկեշտ են պահել և այսօր ևս այդպիսի նախադեպ ունենք, մյուս կողմից էլ իհարկե պետք է լրագրողական հանրությունն էլ իր վերաբերմունքը հայտնի բավականին սադրիչ գործողությունների վերաբերյալ, որոնք մենք տեսնում ենք նաև լրագրողների կողմից։ Այսինքն այստեղ ամեն մի միջավայրը պետք է իր մաքրությամբ և իր պարկեշտությամբ մտածի՝ քաղաքականը իր համար, լրագրողականը իր համար։ Հիմնական պատճառը և հիմնական ազդեցությունը որ կա լրատվամիջոցների վրա, գալիս է քաղաքական դաշտից՝ լրագրողների վարքագիծը հետևանք է, այլ ոչ թե պատճառ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներն այսօր բազմաթիվ հարցեր տվեցին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, ինչը դուր չեկավ ոչ միայն Միքայելյանին, այլեւ իր կողքին գտնվող իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Հերթական հարցից հետո, թե ԵԿՄ-ում բոլո՞րն են կիսում իր տեսակետը, հունից հանեց Անդրանիկ Քոչարյանին, ով բղավեց. «Մի հատ դուրս արի: Որ օրը չհարամի, չի կարա»: Սասուն Միքայելյանն էլ իր հերթին հրեց լրագրողին՝ ասելով. «Գնացեք, դուք ինձ առաջին օրը չի, որ ճանաչում եք, հարցազրույց չեմ տալիս»:

