Այսօր Վայոց ձորի մարզպետի տեղակալ, պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանը հայտարարություն էր տարածել, որ մասնակից լինելով պետականաշինության գործին, անընդունելի համարելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հրաժարվում է Վայոց ձորի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից և որպես արժանապատիվ սպա՝ հայտարարում է, որ միանում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը և իր զորակցությունն է հայտնում ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։
Նշենք, որ Արայիկ Մուրադյանը երրորդ փոխմարզպետն էր ով հրաժարվելով պաշտոնից միանում էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ստորագրել է Արմավիրի մարզպետի տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Հենրիկ Մուրադյանի աշխատանքից ազատվելու դիմումները։
Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը հայտարարության մեջ նշել էր. «Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի (հրամանատարի) պաշտոնից: Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ զինվորականներին և հատկապես իմ զինակից ընկերոջը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին»։
Իսկ Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը իր հայտարարության մեջ նշել էր. «Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին»։
Հավելենք, որ աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից փորձառու կադրերի հրաժարականները կարող են կադրային լուրջ խնդրի առաջ կանգնեցնել իշխանություններին, քանի որ փորձառու զինվորականներն այս փուլում փորձում են զերծ մնալ իշխանությունների հետ աշխատելուց և սպասվում է, որ այլ փոխմարզպետներ ևս կհետևեն նրանց օրինակին։

