Իշխող քաղաքական մեծամասնությունը այսօր բացահայտ շանտաժ արեց դատական իշխանությանը։ Երեք օր շարունակ «մարտաֆիլմի» ժանրում խորհրդարանի նիստերը այսօր հանգուցալուծվեցին։
Այս օրերին ազգընտիրները իրար հերթ չտալով ԲԴԽ նախագահին էին «փռում ասֆլատին»՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ հերումեր...հաճախ այս հարցադրումները անցնում էին պատգամավորի էթիկայի եւ մարդկային բարոյականության, քաղաքակակրթության սահմանները։ Թե ովքեր էին տեղից վեր կենում եւ ինչ հարցեր տալիս՝ արդեն իմաստ էլ չկա անդրադառնալ, խոսքի ազատությունը եւ ժողովրդի կողմից «ընտրված» լինելը այսպիսի չարիք է՝ վերջինները դառնում են առաջին եւ հավատում իրենց զբաղեցրած դիրքին, գոյությանը։
Իրականում, ամենեւին էլ Վարդազարյանին պաշտպանելու նպատակ չկա, պատգամավորները կարող էին ավելի փաստարկված եւ հիմնավոր հարցեր ուղղել նրան, բովանդակային քննարկում կազմակերպել, այլապես նման դատարկաբանություննները անարգանք են խորհրդարանի, պատգամավորի մանդատի եւ վերջին հաշվով՝ այս ամենի ականատես հանրության նկատմամբ։
Ինչեւէ, ԱԺ-ի այս քառօրյան արդեն ավարտվեց, այն կմնա պատմության եւ սերունդների դասին։ Բայց փաստացի երեք օր շարունակ խորհրդարանը որպես այդպիսին առանձնակի քննարկում չարեց օրակարգի հարցի վերաբերյալ՝ Վճռաբեկի դատավորների թեկնածության, փոխարենը կիզակետում միայն Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությունն էր։
Իշխող քաղաքական մեծամասնությունը չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, պատճառը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ վերաբերմունքն է եւ այն, որ այդ թեկնածուներին առաջադրել է ԲԴԽ-ն։
Նախ, Վճռաբեկ դատարանի դատավորները կարող են առաջադրվել միայն ԲԴԽ-ի կողմից, այնուհետեւ նրանց ընտրում են խորհրդարանում, ապա նշանակվում են նախագահի կողմից։ Այսինքն՝ այլ տարբերակ, քան ԲԴԽ-ի կողմից առաջադրումն է՝ չկա։
Երկրորդ՝ այդ ինչպես ստացվեց, որ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու, նույն ԲԴԽ-ի կողմից առաջադրված Լիլիթ Թադեւոսյանին իշխող քաղաքական մեծամասնությունը ընտրեց առանց դեմարշի, իսկ դատավորների դեպքում սաբոտաժ է անում։ Իսկ գուցե պատճառն այն է, որ Թադեւոսյանը իրենց սրտի դատավորներից է, ով, ըստ տեղեկությունների, կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունենում։
Երրորդ՝ ի՞նչ են կարծում անկախ կառույցները, իրավապաշտպանները օրենսդիր մարմնի այս քայլի նկատմամբ, փաստացի՝ օրենսդիրները երեք օր ժամավաճառությամբ զբաղվեցին, իրենց մտքի թռիչքը ցուցադրեցին, էժանագույն տեսարաններ ապահովեցին, իսկ վերջում չընտրեցին դատավոր՝ այդպիսով խաթարելով Վճռաբեկ դատարանի գործունեությունը, խոչընդոտելով բազմաթիվ քաղաքացիների՝ անկախ, արդար, ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը։ Վերջիվերջո, Վճռաբեկում թափուր տեղը մնում է, դա նշանակում է, որ իքս քանակի բողոքներ չեն կարող քննվել, իքս քանակի անձանց իրավունքների պաշտպանության մասով խոչընդոտներ է ստեղծել օրենսդիրը...։ Սա ի՞նչ է, եթե ոչ բացահայտ դեմարշ, սաբոտաժ, քաղաքական շանտաժ դատական իշխանությանը։ Վճռաբեկում դատավորի հաստիքը չի կարող հավիտյանս հավիտյանից թափուր մնալ, ավելին՝ հաջորդ թեկնածուին էլ է առաջադրելու ԲԴԽ-ն, իսկ ԲԴԽ-ն ոչ թե եւ ոչ միայն Ռուբեն Վարդազարյանով է սկսվում եւ ավարտվում, այլ բաղկացած է 10 անդամներից, այդ թվում՝ իշխող քաղաքական մեծամասնության «սրտի» գիտնականերից։
Փաստացի իշխող քաղաքական մեծամասնությունը դատական իշխանությանը մեսիջ ուղարկեց՝ «պաշտոնանկ արեք Վարդազարյանին, այլապես կշարունակենք խոչընդոտել ձեր գործունեությունը»։
Տեսնես այսքանից հետո՝ անկախ իրավապաշտպաները, դատավորները, փորձագետները ինչ դիրքորոշում պետք է հայտնեն՝ այո, դատավորը պե՞տք է քաղաքական զսպվածության պատճառով հանդուրժի բոլոր սադրանքները, վիրավորանքները, հոխորտանքները։ Ինչ է սա «Իմ քայլի» կողմից, եթե ոչ բացահայտ եւ ուղղակի ճնշում, սպառնալիք, շանտաժ։
Վերջին հաշվով՝ ի՞նչ հնարավորություն ունի դատական իշխանությունը պաշտպանվելու, կա՞ն պետական եւ վերպետական կառույցներ, պաշտոնյաներ, ում կարող է դիմել դատական իշխանությունը իր նկատմամբ հարձակումները կանխելու եւ չեզոքացնելու համար, թե կրակն է ընկել «ինչքան տգետ, այնքան լկտի» պատգամավորների ձեռքին։
Նկատենք, որ երբ նախագահը գեթ մի քանի վայրկյան հապաղեց ստորագրել վարչապետի ուղարկած միջնորդությունը ԳՇ պետին ազատելու մասին, «Իմ քայլը» խմբակցությունը համարյա նրան պաշտոնանկ էր անում, հանրահավաքներ հրավիրեց, թե «մեզ խանգարում են աշխատել» եւ այլն։
Ի՞նչ է պատրաստվում անել օրենսդիրի եւ գործադիրի ենթակա չհամարվող անկախ դատական իշխանությունը՝ լռել եւ սպասե՞լ...։Օրենսդիրի կողմից ձեռնոցը նետված է, եւ եթե կարծում եք՝ այն ուղղված է միայն Վարդազարյանին, չարաչար սխալվում եք։ Հաջորդ Վարդազարյանը դուք կարող եք լինել, կամ դուք կարող եք լինել մի պատվարժան դատավոր, գիտնական, ով ծանր տեղը թեթեւացնի, գնա խորհրդարան՝ պատրաստված բովանդակային քննարկման, հարցուպատասխանի, սակայն պարզվի, որ իրեն շատ հարգալից են վերաբերում, բայց չեն կարող ընտրել։

