Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել, ՍԴ-ն չի կարող մեկնաբանել գոյություն չունեցող դիմումը. խոսնակ
Իրավական
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վիճարկում լինելու է, թե ոչ ՍԴ-ում՝ ես այս հարցին չեմ կարող պատասխանել, այս հարցով տարատեսակ մեկնաբանությունները շատ են, ինչ վերաբերում է հանրապետության նախագահի դիմումին՝ ասեմ, որ մինչև երեկ 19.30 -ն՝ ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել։ Այսօր էլ՝ մինչ այս պահը որևէ դիմում նախագահից չունենք։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Ինչու եմ ասում, որ հարցը բաց է, քանի որ ՀՀ նախագահից որևէ դիմում դեռ գոյություն չունի։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն նախագահից որևէ դիմում չի ստացել։ Քանի դեռ դիմում գոյություն չունի, քանի դեռ դիմումը չի հասել ՍԴ, ՍԴ-ում չեն կարդացել դիմումը՝ մենք չենք կարող ասել, թե նախագահը ինչ է որոշել վիճարկել կամ որ օրենքի՝ ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության հարցն է ցանկանում պարզել։ Մամուլում ընդարձակ դիսկուս կա այս մասին, բայց հարցն այն է, որ քանի դեռ որևէ դիմում գոյություն չունի՝ մենք չենք կարող որևէ ձևակերպում տալ կամ կարծիք/մեկնաբանություն հայտնել դրա մասին։ ՍԴ-ն չի կարող որևէ կերպ մեկնաբանել գոյություն չունեցող դիմումը», ասած Թովմասյանը։
Հարցին, թե եթե հանրապետության նախագահը որևէ դիմում է ներկայացնում ՍԴ՝ որքան ժամանակ է տևում մինչև այն մուտքագրվում է՝ նա նշեց, որ աշխատանքային ժամերին դիմումի մուտքագրումը կատարվում է անմիջապես։ «Եթե ոչ աշխատանքային ժամերին, օրինակ, գիշերն է ուղարկվում, ապա հաջորդ աշխատանքային օրն անմիջապես մուտքագրումը կատարում ենք։
Ինչ վերաբերում է փոստային ծառայությամբ ուղարկված դիմումներին, ապա դա կապված է այն բանի հետ, թե տվյալ փոստային ծառայությունը որքան ժամանակում փաթեթը կհասցնի ՍԴ»։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին նախագահականը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Արմեն Սարգսյանը չի ընդունում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և Սահմանադրական դատարան է դիմելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։