Ռուբեն Վարդազարյանն ու Ռուբեն Վարդազարյանի նման մարդը, մասնավորապես նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո իմ կարծիքով առհասարակ չպիտի լիներ այդ պաշտոնին։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Աննորմալության մեջ, աննորմալ պրոցեսում նորմալ դրսևորում ման գալը դժվար է։ Հիմա Ռուբեն Վարդազարյանն իր այդ հայտարարությունից հետո չպետք է լիներ իր պաշտոնին, փաստը էն ա, որ շարունակում է լինել իր պաշտոնին։Պատգամավորներն էլ դրան ի արձագանք, ինչ-որ արձագանք են տալիս։ Հիմա աննորմալ իրավիճակ ա և այդ աննորմալ իրավիճակին ինչ-որ ձև արձագանքում են։ Պատգամավորների արձագանքը որքանո՞վ է նորմալ, որքանով է աննորմալ, ո՞ր մեկինն է նորմալ, ո՞ր մեկինն է աննորմալ, ռեալ չի գնահատելը։ Իրավիճակը աննորմալ է, էդ պատգամավորները պետք ա պատշաճ օրենսդրական, միգուցե նաև սահմանադրական փոփոխություններ ապահովեին, որպեսզի էս աննորմալ վիճակին չհասնեինք»,-ասաց Ինոաննիսյանը։
Անդրադառնալով Ազգային ժողովի շրջակայքում լուսաձայնային նռնակների տեղադրմանը, դիպուկահարների առկայությանը, դարպասների զոդմանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգողն ասաց, որ իր կարծիքով Ազգային ժողովի բակում կարող են տեղի ունենալ հավաքներ և դրա մեջ որևիցե խնդիր չկա։
«Ես մի անգամ ֆեյսբուքում հրապարակել էի նկարներ՝ աշխարհի տարբեր-տարբեր երկրների Ազգային ժողովների՝ անմիջապես պատի մոտ տեղի ունեցող հավաքներից։ Ինչ վերաբերվում է լուսաձայնային նռնակ տեղադրելուն, բայց տեղադրվելն ու կիրառվելը տարբեր բաներ են։ Ինչ վերաբերվում է դիպուկահարին, ապա դա անընդունելի է։ Անընդունելի է հրազեն պահել խաղաղ ցուցարարների վրա»,-ասաց Իոաննիսյանը։
Մեր դիտարկմանը, թե ո՞րը կարող է նման պատրաստությունների պատճառ լինել, Իոաննիսյանն ասաց, որ իրենք կանխատեսում են, որ կարող է ցուցարարները փորձել գրավել:«Եթե շենքի վրա հարձակում լինի, ապա իրենք կարող են դիմել ֆիզիկական միջոցի, որոշակի դեպքերում կարող են դիմել հատուկ միջոցների, որոշակի բացառիկ դեպքերում կարող են դիմել հրազենի»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։
Հետաքրքրվեցինք, թե որո՞նք են այդ բացառիկ դեպքերը, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ օրենքով ադեկվատ կարգավորումներ են դրված։
Համեմատականներ անցկացրինք այսօրվա և 2018 թվականի իրողությունների միջև, ինչին Իոաննիսյանն ասաց, որ տեղյակ չի՝ 2018-ին դիպուկահարներ եղել են, թե ոչ.«2018-ին ժողովրդին իսկի չեն թողել մոտենա Ազգային Ժողովի շենքի մոտ, որ հասկանանք՝ դիպուկահար կա, թե չկա, ինչի՞ հետ ենք համեմատում։ Այսինքն անհամեմատելի է էլի, 2018-ին Ազգային Ժողովի շենքին չհասած լուսաձայնային նռնակներ նետեցին ժողովրդի վրա, փշալարեր, ծեծուջարդ, բռնությամբ բերման ենթարկել»,-ասաց վերջինս։
Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ 2004 թվականի ապրիլից ի վեր մինչև հեղափոխություն երբեք ցուցարաներին չի թույլատրվել մոտենալ անգամ Ազգային Ժողովի շենքին՝ խոսքը մեծ ցույցերի մասին է՝ շեշտեց Իոաննիսյանը։
«Սահմանադրական դատարանի մոտից փշալարով ճանապարհը փակում էին, եթե փորձում էին ավելի առաջ գնալ՝ կիրառում էին լուսաձայնային նռնակներ։ Այն, որ ցուցարարներին թույլատրվել է հասնել Ազգային Ժողովի շենքի մոտ՝ արդեն իրավիճակը անհամեմատելի է դարձնում»,-ասաց նա։
Հավելեց նաև, որ ոստիկանությունը հրազեն ունի, բայց դրա առկայությունը չի նշանակում, որ այն անպայման կիրառելու են։
Հայկա Ալոյան

