«Քանի որ ընթացքում փաստացի չեղարկվեց փոփոխությունները սահմանադրական, մենք ունեցանք այն, ինչ ունենք։ Այսինքն, փոփոխությունները, որ կատարվեցին, հիմնված էին գործող սահմանադրության վրա, բայց որքան տեղյակ եմ, այս ընթացքում նաև քննարկվում էր տարբերակը որոշակիորեն փոխելու Սահմանադրության այն կետերը, որոնք որ վերաբերում էին ընթացակարգային հարցերին կամ կայուն քաղաքական մեծամասնությանը, արտահերթ ընտրությունների ժամկետներին և այլն, որոնք Սահմանադրությամբ են կարգավորվում, ու ընտրական օրենսգիրքը կաշկանդված էր դրանով։ Առաջարկություն արվեց, որ Ազգային Ժողովի քվերակության փոփոխության արդյունքները ու դրան համապատասխան փոփոխություններ արվեն նաև ընտրական օրենսգրքում։ Կարծեմ՝ այս փոփոխությունների վերաբերյալ կարծիքի հարցումը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, չգիտեմ որքան, բայց այստեղ կար կոնսենսուսի հարց՝ որքանո՞վ են ընդդիմադիր խմբակցությունները համաձայն այս փոփոխության հետ ու ընդունում են այս խաղի կանոնները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում նկատում է ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանը։
Գրիգորյանը նշում է, որ սա շատ ավելի օգտակար էր նաև ընդդիմության համար, քանի որ ժամկետները արտահերթ ընտրությունների շատ կարճ են ու ստացվում է, որ ավելի շահեկան դիրքում է գտնվում իշխանությունը, որը որ փաստացի տեսանելի էր մարդկանց համար ու հավասար պայմանների ապահովման կարիք չուներ։ Այնինչ, քարոզարշավի ժամանակահատվածում ամբողջ պետությունը ստիպված է հավասար պայմաններ ստեղծել այլ ուժերի համար։ Վերջինս, կարճաժամկետ առումով ավելի իրատեսական է համարում այս մասով՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների կոնտեքստում։
«Սահմանադրության հետագա փոփոխությունները, ես վստահ չեմ, որ դրանք շատ կարճ ժամանակում հնարավոր է անել։ Երևի հնարավոր են, բայց կարծում եմ, որ կիսատ կարող են դառնալ։ Մենք տեսանք, որ նախորդ սահմանադրությունը երբ գրեցին, փաստացի մեկնարկը տրվել էր 2013 թվականին, բայց մինչև նախագիծը հայեցակարգից հետո պատրաստ էր և ընդունվեց և այլն, նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածում մենք ունենք մի փաստաթուղթ, որի հետ անընդհատ պորբլեմներ ունենք։ Կան չհաշվարկած կամ կիսատ բաներ, նույնը կարող են լինել և Սահմանադրության, և Ընտրական օրենսգրքի հետ։ Այսինքն փաստաթղթեր, որոնք որ ադապտացվում են տվյալ ժամանակահատվածի խնդիրներին ու պարզվում է, որ այդ ադապտացիոն շրջանը չանցած փոփոխություններով ընդունված օրենքները պատրաստ չէին որոշակի խնդիրներ լուծելուն»,-ասում է Գրիգորյանը։
Վերջինս նշում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձնակենտրոնություն կա մեր քաղաքականության մեջ, ազնիվ է մտածել ու ավելի ճիշտ է, որ մարդիկ իրենք ընտրեն նախագահին։
«Մի լուծում էինք մենք առաջարկել ու հուսով եմ, որ դա կա օրենսգրքում, դա եթե երկրորդ փուլ լինում է՝ երկրորդ փուլում քվեաթերթիկում նշվի վարչապետի թեկնածուն։ Սա հնարավորություն կտար չպարտադրելու միտքը, թե մարդիկ ընտրում են քաղաքական ուժին։ Եթե իրենց համար կարևոր է, թե ո՞վ է լինելու վարչապետը, իրենք ուղղակի մասնակցություն ունենան այդ որոշմանը, քանի որ Սահմանադրությունը նման կարգ չի նախատեսում, չենք կարող պարտադրել, որ ով եղավ վարչապետի թեկնածուն ու հենց նա էլ լինելու է վարչապետ մինչև վերջ, քանի որ վարչապետին ընտրում է Ազգային Ժողովը և կարող է փոխել ընթացքում։ Բայց ամեն դեպքում սա որոշակի կանխատեսելիություն է ենթադրում ու որ քաղաքական ուժը հնարավորինս ազնիվ է նրա հետ, թե ով է իր պատկերացրած վարչապետը և այլն։ Այս փոքրիկ փոփոխությունն այս պահին առաջարկվող նախագծում կա»,-նկատում է Վարդինե Գրիգորյանը։
Անդրադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին ացնելուն, վերջինս նշում է, որ եթե փոփոխությունները նույնիսկ ընդունվեն հոկտեմբերին, ապա ուժի մեջ կմտնեն նախագահի ժամկետը լրանալուց հետո, ինչպես եղավ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի ժամկետը լրանալուց հետո նոր փոխվեց կարգը։
«Այս դեպքում նախագահը յոթ տարով է ընտրվել՝ 2025 թվականին է նրա ժամկետը լրանում, այսինքն նախագահի մոտակա ընտրությունները կլինեն դրանից հետո։ Ստացվում է, որ մոտակա չորս տարվա մեջ կիսանախագահական համակարգ չի լինի, նույնիսկ եթե փորձենք դրան անցնել։ Կամ եթե նախատեսեն Ազգային Ժողովի միջոցով, կարծում եմ իրավական տեսանկյունից թերևս կլինի ժամկետի լրացումից հետո։ Այլկերպ չեմ պատկերացնում»,-ասում է Գրիգորյանը։
Վերջինս ասում է, որ հնարավոր է սահմանադրական փոփոխություններից հետո անցումային դրույթներում նշել, որ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո նախագահի լիազորությունները դադարեցվում են։
«Ես վստահ չեմ, որ այդպիսի բան հնարավոր է, որովհետև սովորաբար դա նշանակում է մարդուն ավելի բացասական իրավիճակի մեջ դնել, ինչն իրավունքի տեսանկյունից ճիշտ չի լինում։ Օրինակի համար, եթե հանցագործությունը այսօրվանից ավելի ծանր պատիժ է սահմանվում, դա չի նշանակում, որ նախկինում այդ հանցագործությամբ դատվածների պատիժը փոխում են։ Այսինքն, եթե անձի համար վատթարացնող իրավական որոշում է կայացվում՝ դա չի կիրառվում, այս տեսանկյունից։ Բայց այդ նույն տրամաբանությամբ էլ կարող ենք խոսել Սահմանադրական դատարանի դատավորների մասին, երբ որ չեղարկեցին ու փոփոխություններ արեցին անցումային դրույթներում։ Ամեն դեպքում մի բան, որ հստակ է, նույնսիկ եթե Արմեն Սարգսյանը դադարի նախագահ լինել կամ էլ անցումային դրույթներով սահմանվի, որ իր լիազորությունները դադարեցվում են, դա ամեն դեպքում նշանակում է, որ ինքը կարող է առաջադրվել որպես նախագահի թեկնածու»,-նկատեց Գրիգորյանը։
Նա նշում է, որ այն կետը, որով 7 տարի ժամկետից հետո նորից չի կարող առաջադրվել, փաստացի այդ կետը ևս վերանում է նոր փոփոխությունների փաթեթով։
«Բայց սա լրիվ այն սցենարի դեպքում, եթե իրոք կիսանախագահականի անցնի, որովհետև ես, ինչքան երեկ լսեցի, դա ուղղակի ժեստ էր ասելու, որ իրենք բաց են ամեն տեսակի քննարկումների»,- ասաց Վարդինե Գրիգորյանը։
Հայկա Ալոյան

