Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է փաստաբանների բողոքն՝ ընդդեմ ՀՔԾ-ի։
Բողոքը դատարան ներկայացրած փաստաբան Արմինե Ֆանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ըստ էության՝ դատարանն իրենց բողոքը բավարարել է ամբողջությամբ։
«Բողոքում մենք խոսել ենք այն մասին, որ առերևույթ առկա են եղել քրեական օրենսգրքի 299 հոդվածով՝ (պետական դավաճանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներ և հետևապես պետությունն, ի դեմս քրեական հետապնդման մարմինների, պետք է համարժեք արձագանք տար և հարուցեր քերական գործ։ Բացի այդ՝ մենք բարձրաձայնել ենք այն, որ եթե անգամ այս պահին մենք չխոսենք քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու պարտականության մասին՝ քրեական հետապնդման մարմինն, ըստ Քրեական դատավորության օրենսգրքի, պարտավոր էր կայացնել օրենքով նշված երեք որոշումներից մեկը, սակայն դրանցից որևէ մեկը չի կայացրել։ Ըստ այդմ, քանի որ դատարանը պետք է մեկնաբանի նաև, թե կոնկրետ ինչում է տեսել մեր իրավունքների խախտում և ինչ ձևով է պարտավորեցնելու դրանք վերացնել՝ այս պահին չենք կարող ասել, մինչև չտեսնենք դատական ակտը»։
Նա ընդգծեց, որ իրենք երկու խնդիրն էլ բարձրացրել են, որ առկա է քրեական գործ հարուցելու հատկանիշներ, բացի դա քրեական հետապնդման մարմինը օրենքով սահմանված որոշումներից որևէ մեկը չէր կայացրել։
«Ըստ դատարանի՝ քրեական հետապնդման մարմինը պարտավորված է վերացնել այն բոլոր խախտումները, որոնք դատարանը հաստատված կհամարի։ Ըստ էության՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավորվում հարուցել քրեական գործ, կամ կայացնել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որոշումներից որևէ մեկը՝ օրինակ, հարուցել քրեական գործ, քրեական գարծ հարուցելը մերժելու որոշում կայացնել, կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնել»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը նշված հաղորդումը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ հատուկ քննչական ծառայությունը խուսափել է քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելուց, այդ հաղորդումը կցելով մեկ այլ քրեական գործի նյութերին: Փաստաբանները ՀՔԾ-ի այս անգործությունը բողոքարկվել էր դատարան:

