Պարտությունը պատրաստել են դետալ առ դետալ։ Այս մասին այսօր հանրահավաքին հայտարարեց վերլուծաբան, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը։
«Չկա աշխարհի վրա ազգ կամ պետություն, որ ինչ-որ պահի իր պատմական ժամանակաշրջանում չի ունեցել հաղթանակներից բացի պարտություն։ Բայց կա շատ կարեւոր մի հարց, մենք որպես ազգ, որպես պետություն, որպես պետություններ, բանակը, ժողովուրդը պարտվե՞լ ենք, թե՞ մեզ տարել են ստորացուցիչ պարտության, տարել են դավաճանաբար։ Մենք խոսում էինք այս մասին, խոսում էինք սկսած 2018 թվականի աշնանից։ Այն ժամանակ շատերը հարց էին տալիս՝ լավ, դրա խնդիրները բարձրաձայնելուց առաջ չե՞ք փորձում այդ անուղեղներին հուշել ինչ-որ բան, եկել է այդ օրն ասելու, հնարավոր ու անհնար ձեւերով հուշում էինք, որ այստեղ նստած մեծամասնություն կոչված, այնտեղ նստած կառավարություն կոչված, որն այստեղ Խորհրդարանի տնազ էր, այնտեղ Կառավարության տնազ էր. դուք քանդում եք այս երկիրը, դուք մեզ տանում աննկարագրելի պարտության, զգուշացնում էինք, հուշում էինք, խոսում էինք։ Կներեք հարգելի ժողովուրդ, ձեզ էլ էինք հուշում, ասում, որ այսօրվան չհասնենք. ո՞ւմ վրա ազդեց»,- նշեց Բեքարյանը։

