«Հայրենիք» կինոթատրոնի ղեկավարությունը կարող է փոխհատուցում պահանջել, կարծում եմ ԱՊՊԱ-ն կհատուցի, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ բավականին մեծ վնաս է պատճառվել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանն՝ անդրադառնալով փետրվարի 25-ին տեղի ունեցած վթարին, որի արդյունքում Mercedes-ի վարորդը մեքենայով տապալել էր «Կինո Հայրենիքի» տուֆե քարե հենասյուներից մեկը։
Փաստաբանն ասաց, որ այս խնդիրը կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով։ «Ապրանքագիտական փորձաքննություն պետք է նշանակվի՝ չափը որոշվի, կարծում եմ վնասի չափը գերազանցելու է 1,8 մլն դրամը։ Ապահովագրական ընկերությունը կվճարի այդ 1,8 մլն դրամը, իսկ մնացածը կինոթատրոնի սեփանակատերը պետք է պահանջի մեքենային սեփականատիրոջից։ Ընդ որում՝ որևէ նշանակություն չունի, որ վարորդը մահացել է։ Եթե հանգուցյալը գույք ունի, ապա պետք է գույքով պատասխան տա»։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ թեև «Հանրենիք» կիրոթատրոնը ներառված չէ պատմամշակութային կոթողների ցանկում, սակայն այն մեր լավագույն ճարտարապետներից մեկի՝ Գրիգոր Աղաբաբյանի կողմից է նախագծված։ «Շենքեր կան, որ պարտադիր չէ , որ ներառված լինեն պատմամշակութային կոթողների ցանկում, դրանք մեր քաղաքի դիմագծի անքակտելի մասն են։ Այդ ցանկում ներառված են Թամանյանական շրջանի մի քանի շեքներ միայն, թեև շատ շենքեր չեն ներառվել այդ ցանկում, բայց դրանք նույն արժեքն ունեն։ Վստահեցնում եմ, որ եթե սովետական շրջանում նման վթար լիներ՝ այսօր արդեն վերականգնված կլիներ։ Ես, իհարկե, հասկանում եմ՝ խնդիրներ ունենք և այլն, բայց այդ ուղղությամբ արդեն աշխատանքները պետք է կատարված լինեին»։
Անդրադառնալով շենքի վերակագնման ընթացքում հնարավոր խեղաթյուրումներին՝ նա նշեց, որ այս դեպքում ամեն ինչ այնքան հստակ է, որ նման խնդիրներ չեն կարող լինել։ «Պարզապես պետք է քանդել ու նորից հավաքել, որևէ խնդիր չի կարող առաջանալ»։

