Արմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք մահվան պետական գրանցմանը։
Մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում։ Սակայն մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար։
Մահվան պետական գրանցման համար պետք է ներկայացվեն.
1. դիմում,
2. բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը,
3. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, եթե անձի մահվան փաստը հաստատվել է, կամ անձը մահացած է ճանաչվել դատական կարգով։
Մահվան պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։
Մահվան պետական գրանցման մասին եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։

