Փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն տարածեց, պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականը, երկրում իրավիճակը լարվեց։ Իշխանությունը՝ Հանրապետության հրապարակում, ընդդիմությունը՝ Ազատության հրապարակում միաժամանակ հանրահավաք անցկացրեցին, ապա քայլերթ։ Այժմ ընդդիմադիրները բողոքի ակցիան շարունակում են Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններ են տեղադրել Ազգային ժողովի դիմաց և նստացույց են անում։
Փետրվարի 25-ի իրադարձություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ.
22:25 - Վանաձորից դեպի Դիլիջան ճանապարհը փակել են Շահումյան գյուղի բնակիչները
20:28 - Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:
20:19 - Հորդորում ենք իրավապահ մարմիններին՝ զերծ մնալ խաղաղ ցույցերի և հավաքների ժամանակ բռնություններից. հոգևոր խորհրդի հայտարարությունը
18։22- Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
18։18- «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում. ՈՒՂԻՂ
18։11- Ալիևը դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքել է մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևի արած հայտարարություններին: Արձագանքը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այնպիսի զավեշտալի և անլուրջ «բացահայտումներ» է արել, որոնց մեկ առ մեկ անդրադառնալը միանգամայն անիմաստ է և ժամանակի անհարկի վատնում:
Սակայն, պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում:
Շատ պարզ ու հասկանալի է, թե ինչու է դա հիմա անում՝ դժվար պահին օգնության է շտապում գործընկերոջը: Հավանաբար երկուսի մոտ էլ տարբեր ժամանակահատվածներում պարտվածի բարդույթը ծանր հետևանքներ է ունեցել:
Նա էլ հայաստանյան ներկայիս գործընկերոջ նման բանակից և ռազմարվեստից ոչ մի գիտելիք ու փորձ չունենալով՝ իրարամերժ հայտարարություններով ու ստերով զավեշտալի վիճակի մեջ է հայտնվում:
Կարճ ժամանակ առաջ էլ հայտարարում էր, թե Քարվաճառն ու Լաչինը Սերժ Սարգսյանի օրոք, միևնույն է, այդպես էլ իրենց չէին հանձնելու, իսկ այսօր թե՝ Սերժ Սարգսյանը 2016 թվականին իրենից երկու շաբաթ է խնդրել զորքը գրավյալ տարածքներից դուրս բերելու համար:
Դա կարող էր տեղի ունենալ միայն ու միայն Ալիևի երազում:
Որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչու այդպիսի «խնդրանքը» Ալիևը մինչև հիմա տարբեր առիթներով չի բարձրաձայնել սեփական լսարանի առջև ու գլուխ չի գովացել. այդ գայթակղությանը հաստատապես և ոչ մի դեպքում նա չէր դիմանա:
Իսկ ինչո՞ւ 2016թ. Սանկտ Պետերբուրգի բանակցային փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա:
Իսկ գուցե՞ նույն Ալիևը չէր 2016 թվականին իր կառավարության նիստում նեղսրտած հայտարարում. «Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»:
Անպատախանտվությունը և ստախոսությունը ոչ քաղաքականության մեջ, ոչ պատերազմում և ոչ էլ ցանկացած այլ պարագայում ոչ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես»:
17։00- Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի և Արման Աբովյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:
Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:
Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:
16։34- Ժամը 18։00-ին՝ հանրահավաք Բաղրամյան պողոտայում. Իշխան Սաղաթելյան
Ժամը 18։00-ին՝ հանրահավաք Բաղրամյան պողոտայում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մինչ այդ մենք շուտով կհանդիպենք նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Իսկ հիմա շարունակվում է մեր երթը՝ վերադառնում ենք Բաղրամյան պողոտա։
Միացի՛ր պայքարին, փրկի՛ հայրենիքը»,-հավելել է նա:
16։24- ԵԽԽՎ համազեկուցողներն անընդունելի են համարել ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) անհանգստություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽԽՎ լրատվական ծառայությունից:
«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով: Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածված հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը: Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու ուղղությամբ», - նշել են նրանք:
Համազեկուցողների դիտարկմամբ՝ Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության եւ ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին բախվում է երկիրը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը, որից հետո նրանք որոշել էին բարիկադներ տեղադրել ու մնալ Բաղրամյան պողոտայում:
16։21- Քանի մարդ է մասնակցել Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյից սկսված բողոքի ակցիային
Այսօր՝ փետրվարի 26-ին, Բաղրամյան պողոտայում շարունակվում էր դեռևս երեկ երեկոյից սկսված բողոքի ակցիան։ Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները փակել էին Բաղրամյան պողոտան, որտեղ արդեն այսօր Ազգային ժողովի դիմաց հրավիրել էին հանրահավաք։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 13։44-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ ցուցարարների կողմից փակված տարածքում գտնվել է 2100 մարդ։
16։00- Վաղը Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը փետրվարի 27-ին կհանդիպեն Մոսկվայում:
«Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Այդ ձևաչափով հանդիպումը կանցկացվի երրորդ անգամ։
Երեք երկրների փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը զբաղվում է Լեռնային Ղարաբաղում տնտեսական հարցերով և տրանսպորտային կարգավորումներով։ Աշխատանքային խումբը կազմվել է համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև հունվարի 11-ին ստորագրված հայտարարության։
Այսօր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների խաթարման վտանգ չի տեսնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Կրեմլի խոսնակը նշել է, որ չնայած Հայաստանի իրադարձություններին՝ կարևոր է գնալ Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով:
Պաշտոնապես խոսք եմ տալիս՝ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում, բայց ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։
«ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին»,- ասաց Վանեցյանը։
15։50- Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ
Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել Հայաստանում օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե դուք ուշադիր նայել եք այդ տեքստը, որը մենք հրապարակել ենք, ապա հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալու այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը կողմ է օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Սա շատ կարեւոր է: Մեր կողմից լիարժեք ձեւակերպում է եղել, որը բավական ինֆորմատիվ է»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում անհամապատասխանության մասին հարցին:
ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում, որում ասվում էր, որ «նախագահ Պուտինը Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանման, իրավիճակը օրենքի շրջանակում կարգավորելու կոչ է արել»:
15։32- Արմեն Սարգսյանը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ
Հանրապետության Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը:
15։11- ՌԴ հայերի միությունն աջակցություն է հայտնել ՀՀ ԳՇ-ի` Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը
Ռուսաստանի հայկական սփյուռքը անհանգստացած է Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրաժարական տալու համառ դժկամության եւ նրա թիմի կործանարար գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:
«Չկարողանալով հաղթահարել որեւէ խնդիր տնտեսական եւ սոցիալական ոլորտներում, որոնք կարող են բարելավել մարդկանց կյանքը, երկիրը դեպի պատերազմ եւ կապիտուլյացիա տանելով, առանց պատերազմի պատճառների, ընթացքի ու արդյունքների հետաքննության հանձնաժողով ստեղծելու` Փաշինյանը, թաքնվելով ժողովրդի անվան տակ, շարունակում է համաձայնողական քաղաքականությունը, որը դեպի պետականության կորստի եւ երկրի բնակչության կյանքի վատթարացման է տանում:
Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է եւ մնում է անփոփոխ. Փաշինյանը եւ նրա ամբողջ թիմը պետք է հրաժարական տան: Իշխանության մնալու նրանց յուրաքանչյուր լրացուցիչ րոպե անդառնալի վնաս է հասցնում հայոց պետականությանը եւ ամբողջ հայ ժողովրդին: Մենք պաշտպանում ենք Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ուշացած, սակայն արդար պահանջը Փաշինյանի հրաժարականի մասին:
Այն փաստը, որ պատերազմում Հայաստանի պարտության, հազարավոր մարդկային կորուստների եւ Արցախի մեծ մասի կորստի համար պատասխանատու Փաշինյանի եւ նրա թիմի մնալն իշխանության գլխում ազգային նվաստացում է եւ էլ ավելի մեծ կորուստների է հանգեցնում` դատապարտվածության եւ հուսահատություն զգացողություն ստեղծելով:
Հատկանշական է, որ այսօր Փաշինյանի բռնապետական ռեժիմին բացահայտորեն աջակցում են Թուրքիայի ղեկավարները` Էրդողանը, Չավուշօղլուն, եւ այլոք` նրանք, ում վրա, ինչպես եւ` Ալիեւի, դեռ չի սառել մեր որդիների արյունը, եւ ովքեր արդեն պատերազմի ավարտից հետո շարունակում են իրենց հայատյաց հռետորաբանությունն ու հանդուգն հարձակումները, որոնք նվաստացնում են մեր երկրի եւ մեր ժողովրդի արժանապատվությունը:
Մենք վստահ ենք, որ Փաշինյանի հրաժարականը, որը ժամանակի եւ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերի հրամայականն է, թույլ կտա շրջել մեր պատմության այս խայտառակ էջը, եւ պայմաններ կստեղծի, որպեսզի մեր ժողովուրդը կրկին ոտքի կանգնի, երկրի տնտեսական զարգացման դրական օրակարգ ձեւավորի եւ վերականգի իր վստահությունն ու հարգանքը տարածաշրջանում եւ աշխարհում»:
14։39- Ընդդիմադիրները երթով շարժվում են նախագահի նստավայր
Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են ՀՀ նախագահի նստավայր։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք պահանջելու են՝ Արմեն Սարգսյանը չստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։
«ԳՇ պետի ազատման դիմումը նախագահի սեղանին է։ Անհրաժեշտ է, որ ՀՀ նախագահն օրենքի շրջանակներում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է և ներկայացնի Սահմանադրական դատարան։ Այս պահին բոլորիս գլխավոր պահանջը պետք է լինի դա, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և չգնա այդ քայլին, շատ հստակ ձևակերպվի իր առարկությունը, փաստաթուղթն ուղարկի Սահմանադրական դատարան»,- հայտարարեց Սաղաթելյանը։
14։33- Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցները երթով շարժվում են նախագահի նստավայր. ՈՒՂԻՂ
13։19- «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ԱԺ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում Երեւանում, Հայաստանի ներքին գործն է, եւ հույս է հայտնել, որ այդ իրադարձությունները չեն ազդի նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի ստորագրած Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման վրա, փոխանցում է ТАСС-ը։
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են։ ...Այսօր Հայաստանն այնպիսի ծանր վիճակում է, որ այնտեղ ընթացող գործընթացները մեծ չափով ցնցում են երկրի պետականության հիմքերը», - ասել է Ալիևը ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում:
«Պատերազմի արդյունքները մնում են և կմնան անփոփոխ։ Եվ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը (նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով): Եւ պետք է ամբողջությամբ կատարվի: Այդ հայտարարության դրույթների մեծ մասն արդեն կատարված է։ Բայց կան հարցեր, որոնք հիմա քննարկման թեմա են։ Հուսով եմ, որ, չնայած Հայաստանում ստեղծված իրավիճակին, նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությունը կկատարվի»,- ասել է նա։
Ալիևը հավելել է, որ Երեւանի առջեւ կանգնած է «ոչ այնքան մեծ ընտրություն»: «Նրանք պետք է հաշտվեն և հաշվի նստեն նոր իրականության հետ։ Մենք ստեղծել ենք նոր իրականություն։ Հայաստանի համար ամենաընդունելի ընտրությունը հիմա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումն է», - ընդգծել Է Ալիեւը։
Ռևանշիզմի փորձեր
Ադրբեջանը գործելու է անհապաղ, եթե տեսնի ռևանշ կազմակերպելու Հայաստանի որևէ մտադրություն։
«Երկարաժամկետ խաղաղության եւս մեկ պարտադիր պայման է Հայաստանում, հայկական քաղաքական շրջանակներում հստակ ըմբռնումը, որ ռեւանշի մասին ցանկացած մտադրություն խստորեն կպատժվի Ադրբեջանի կողմից: Դրա մասին ոչ մի կասկած չկա, մենք ոչ մի րոպե չենք տատանվի, եթե մենք կրկին վտանգ տեսնենք մեզ համար։ Եթե վերլուծենք էական վտանգը, մենք անհապաղ կգործենք», - ասել Է Ալիեւը։
12։32- Նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:
09։30- Ընդդիմությունը գիշերն անցկացրել է Բաղրամյան պողոտայում. ուղիղ
09։28- Ինչպես է անցել գիշերը Բաղրամյան պողոտայում
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել էր գիշերն անցկացնել Ազգային ժողովի շենքի մոտ։ Շարժման անդամները փակել էին Բաղրամյան պողոտան և շրջափակել խորհրդարանի շենքը։
Ընդդիմադիրները վրաններ են տեղադրել և գիշերել Բաղրամյան պողոտայում:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ սադրանքներ տեղի չեն ունեցել. «Գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, մոտ կես ժամ առաջ եմ վերադարձել: Ժամը 11:00-ին խորհրդի նիստ է ԱԺ-ում, որը պետք է քննարկի արտահերթ նիստը անցկացնի, թե ոչ: Մենք ժամը 13:00-ին այստեղ հանրահավաքի նման կհավաքվենք, ժողովրդի հետ կխոսենք, ամենայն հավանականությամբ երթ կկազմակերպենք, այնուհետև կվերադառնանք այստեղ, որովհետև հնարավոր է ԱԺ նիստ գումարվի ժամը 4-ին, 6-ին»:

