Լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ հայտարարել էր, որ եթե որոշ մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, ապա պետք է իմանան, որ դրանք գտնվում են պետության պաշտպանության տակ և պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է ի նկատի ունեցել իր գործընկերը։
«Անկեղծ ասած ես չեմ լսել պրն Քոչարյանի հարցազրույցը, եթե Դուք հարցը տայիք ինձ՝ ասենք պրն Աղազարյան, ինչ կարելի է անել, եթե ամբողջը կամ այլ ուժեր ցանկանում են գրավել ատոմակայանը, ես կասեի, պետությունը պետք է բոլոր միջոցներով դրա դեմը առնի՝ ընդհուպ մինչև կրակելը բնականաբար, եթե խոսքը վերաբերում է ատոմակայանին։ Ես չգիտեմ Անդրանիկ Քոչարյանն ինչ է ի նկատի ունեցել, եթե վերաբերում է ստրատեգիական նշանակություն օբյեկտին, ինչպիսինն ատոմակայանն է, ապա այստեղ այլ տարբերակ ես չեմ էլ տեսնում, իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական շենքերին, ես իհարկե համաձայն չեմ»,-պատասխանեց պատգամավորը։
Նա հավելեց, որ մինչև չծանոթանա հարցազրույցին ամբողջությամբ՝ չի կարող գնահատական տալ կամ առավել ևս դատապարտել։ Անդրադառնալով երեկ մեծ աղմուկ հանած Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի հրապարակմանը, Աղազարյանն ասաց, որ վերջինս իր երիտասարդ բարեկամներից է. «Ներսես Պողոսյանը իմ երիտասարդ բարեկամներից է։ Ես անկեղծ ասած ոչ թե դատապարտում, այլ չեմ ողջունում ամենաքիչը նմանատիպ արտահայտությունները, ես դեմ եմ ընդհանրապես բոլոր կողմերից այդպիսի հայտարարություններին, որոնք վերաբերում են մարդու անձնականին, մարդու անձնական կյանքին։ Իհարկե դատապարտում եմ համընդհանուր այդ երևույթը, բայց տվյալ պարագայում հասկանալով իմ երիտասարդ գործընկերոջ վրդովմունքը, որովհետև թե մեր ընդդիմախոսների ջատագովները ինչ խոսքերով են դիմում մեր աղջիկներին, մեր կանանց, և այլն, և այլն, այդ իմաստով ես հասկանում եմ իր վրդովմունքը, բայց չեմ կիսում այդ մոտեցումը»։
Հովիկ Աղազարյանը ևս չէր մասնակցել երեկվա «Իմ քայլի» նիստին և տեղեկություններ չուներ,թե ինչ հարցեր են քննարկվել։

