«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր. «Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։
Այս հայտարարությունը բուռն քննարկումներ առաջացրեց հանրության շրջանում։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել, մի փոքր իրավական դաշտի հարց է, իրավապահ մարմիններից խորհուրդ տվեց մեկնաբանություն վերցնել։ «Միգուցե իրավաբանները հաստատեն, որ եթե նման իրավիճակ է ստեղծվում, այո, իրավասու են նման գործողության դիմել»,-ասաց Հակոբյան։
Մեր հիշեցմանը, որ դեռևս ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը իր համակիրներով կոտրեց Հանրային ռադիոյի դուռը և ներս մտավ,բայց ոչ ոք նրանց վրա չկրակեց, ինչին Հրաչյա Հակոբյանը հակադարձեց. «Ես արդեն ասեցի, իրավապահ մարմիններից մեկնաբանություն ստացեք Անդրանիկ Քոչարյանի ասածի վերաբերյալ, որովհետև ես օրենքին չեմ տիրապետում այդքան մանրամասն, որպեսզի իմանամ՝ նման դեպքերում ի՞նչ պետք է անեն իրավապահ մարմինները»։
Ինչ վերաբերում է Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի աղմկահարույց հրապարակմանը, ապա «Իմ քայլի» պատգամավորը միանշանակ ընդունելի չի համարում նման երևույթները։
«Միանշանակ ընդունելի չեմ համարում նամանատիպ քաղաքական դիսկուրս, բայց ասեմ, որ այւդ դիսկուրսն իրենք են սկսել, բայց, միևնույն է, ընդունելի չեմ համարում»,-ասաց պատգամավորը։
Փորձեցինք հետաքրքրվել երեկ Ագզային ժողովում կայացած «Իմ քայլի» նիստի ժամանակ քննարկված հարցերով, սակայն Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ներկա չի եղել երեկվա նիստին։

