Այսօր՝ վաղ առավոտից ոստիկանական ուժեր են տեղակայվել Սախարովի հրապարակում, ինչպես նաեւ Հանրապետության մետրոյի կայարանում։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիայի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ կոչ էր արել հավաքվել Կառավարության շենքի, ինչպես նաեւ Հանրապետության մետրոյի մոտ՝ թույլ չտալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը։ Բողոքի ակցիայի մասնակից, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ոստիկանները խանգարում են քաղաքացիների ազատ տեղաշարժին։
«Փաշինյանը պատկերացրեց, որ իր ազատ տեղաշարժը կազմակերպելու համար Հայաստանի ոստիկանության կեսին պետք է բերի լցնի քաղաքի կենտրոն, շրջափակի հսկայական տարածքներ։ Քաղաքացիները ապշած են թե ինչ է կատարվում։ Ամեն քաղաքացի պատրաստվում է իր բողոքի ձայնը բարձրացնել։ Օր օրի մեր շարքերը ընդլայնվում են և մենք հասնելու ենք մեր նպատակին, մենք ունենալու ենք առանց ՆիկոլՀայաստան»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

