Ըստ միջազգային հետազոտությունների՝ թվանշանային գնահատումը սխալ մոտիվատոր, դրդելու գործոն է ուսման համար և էապես խանգարում է ուսմանը։ Այնպես որ զուտ տեսական առումով և ելնելով զուտ գիտական տեսանկյունից՝ նման քայլը ճիշտ է, այլ հարց է, որ չի կարելի մի համակարգ հանել, բայց դրա փոխարեն չստեղծել մեկ այլ համակարգ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախկին տնօրեն Արամ Փախչանյանն՝ անդրադառնալով նախօրեին կառավարության նիստում ընդունված Հանրակրթության պետական չափորոշիչներին։
Մասնավորապես, առաջարկվող փոփոխությամբ՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում հրաժարվում են միավորային գնահատման գործող ձևից և կիրառում են ավելի խրախուսող և խթանող գնահատման ձևեր։
«Հիմնական եզրակացությունը, որ հնչում է բոլոր հետազոտությունների մեջ, այն է, որ դա բնավ չի նշանակում, որ չեզոքացնելով թվանշանային համակարգը՝ դու ստանում ես կրթության բարելավում։ Դրա փոխարեն պետք է իրագործվի շատ ավելի աշխատատար և շատ ավելի բարձր հմտություններ պահանջող ձևավորող գնահատում, որի ներդրման համար անհրաժեշտ է մեծ ջանք գործադրել և մեծ աշխատանք տանել ուսուցիչների հետ, ապա նաև լինել հետևողական՝ կրթության կառավարման տեսակետից, նախապատրաստել տնօրեններին, ուսմասվարներին, մի խոսքով՝ դրա համար պահանջվում է ահռելի աշխատանք։ Հետևաբար, ենթադրել, որ սկսել գնահատականները հանելուց ու միանգամից երեխաները կերջանկանան, ցավոք, այդպես չի լինի և կարող է անգամ հակադարձ էֆեկտ առաջանալ։ Այնպես որ՝ ես լիահույս եմ, որ կրթության պատասխանատուները գիտակցում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ստանձնել են նման քայլի գնալով։ Դա նշանակում է, որ մեծածավալ և արդյունավետ աշխատանք, որպեսզի ուսուցիչներին նախապատրաստեն ձևավորող գնահատման իրականացմանը, բայց նաև պետք է գիտակցել, որ ուսուցիչներից դա պահանջելու է շատ ավելի մեծ աշխատանք և ջանքեր»։
Նրա դիտարկմամբ՝ ձևավորող գնահատումը այն է, ինչ մենք անում ենք ամեն օր՝ մեր երեխաներին դաստիարակելիս։ «Դա նշանակում է, որ ամեն երեխայի գործողությունը, որ մեզ համար կարևոր է՝ ստանում է մեր արձագանքը։ Այդ արձագանքը բովանդակային է և ուղղորդված։ Այսինքն՝ երեխային ոչ թե ասում ես՝ նստիր՝ 6, այլ ասում ես՝ այս հարցերում դու ճիշտ էիր, լավ է, որ այս ուղղությամբ մտածել ես, քո մտածողության ուղղությունը ճիշտ է, սակայն դու պետք է աշխատես այս ուղղությամբ, որ ունենաս հստակ գիտելիքներ այս ոլորտներում և փորձես ավելի հստակ ձևակերպել քո մտքերը։ Այսինքն՝ «6-ի» փոխարեն՝ ուսուցիչը պետք է մի մեծ տող գրի կամ արտասանի այնպես, որ համոզված լինի, որ երեխան ընկալեց և իր հետադարձ պատասխանից գիտակցես, որ երեխան հասկացել է։ Այնուհետև, պետք է վերահսկել երեխայի գործողությունները, այսինքն, երբ ասում ես, թե երեխան ինչ պետք է անի, հետագայում էլ վերահսկում ես, որ նա դա անում է, որովհետև եթե դուք ասել եք ու անցել առաջ՝ երեխան նույնպես կարող է մոռանալ։ Այս ամենը պահանջում է հետևողական աշխատանք՝ կրթության բոլոր մասնակիցների կողմից և եթե մենք ընդամենը գնահատականը հանենք ու ձևավորող գնահատումը չդնենք մեզ մոտ, բնականաբար, կրթության կտրուկ անկում լինի, եթե անենք՝ կլինի կտրուկ աճ։ Այսինքն՝ մենք հիմա կանգնած ենք նման երկընտրանքի առաջ»։
Փախչանյանի դիտարկմամբ՝ նման անցումը առանց աջակցության անհնար է, պետք է մեծ աջակցություն ցուցաբերել ուսուցիչներին։ «Պետք է իրականացնել բովանդակային վերապատրաստումներ, պետք է լինեն մարդիկ, ովքեր կգան դասալսումների և ոչ թե կփնովեն ուսուցիչներին, այլ խորհուրդներով ավելի արդյունավետ կդարձնեն հետադարձ կապը, իսկ եթե գնանք փնովելու ճնշելու ճանապարհով՝ ոչինչ չի լինի։ Կլինի ըմբոստացում, ուսուցիչները կսկսեն բողոքել, որ դա գլխացավանք է, որ այդ ամենին իրենք պատսատ չեն, ծնողները կասեն, որ վակում է առաջացել գնահատման և չեն հասկանում, թե երեխաներն ինչպես են սովորում, ուսուցիչները ոչինչ չեն կարողանում ասել, արդյունքում, կրթությունը կքանդվի»։
Անդրադառնալով, հարցին, թե այդ դեպքում 4-րդ դասարանում քննությունների հանձնումը, թեմատիկ գրավորները պե՞տք է դուրս գան՝ նա պատասխանեց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ 4-րդ դասարանում քննություններն անիմաստ են, դա գիտեն և երեխաները, և ուսուցիչները, և ծնողները։ «Այն, ինչ պետք է կատարել 4-րդ դասարանի ավարտին՝ ըստ որոշ ռուբրիկի, որը պայմանավորված է կրթական չափորոշիչներով, որոնք շատ պարզ են և չեն պահանջում քննություն։ Այնտեղ կա 20 կետից բաղկացած հարցաթուղթ, որը ձևակերպում է երեխաների այն անհրաժեշտ հմտությունները, որոնք նրանք պետք է ունենան տարրական դպրոցն ավարտելուց հետո։ Ուղղակի ուսուցիչը ամեն կետի հետ կապված պետք է ձևավորի տեքստ, որը բնութագրում է երեխայի կարողությունները։ Այսինքն, ոչ թե մեկ գնահատականով ամփոփում ենք իր ամբողջ գնահատականների համակարգը, որը շատ թերի է լինելու և բովանդակային չի լինելու։ Ճշմարիտ մոտեցումը, որ պետք է լինի՝ ձևավորել 4-րդ դասարանից հետո բնութագիր, որը ներկայացնում է այդ բոլոր հմտությունների հետ կապված երեխայի այս պահին ձեռքբերումները և խորհուրդ է տալիս ծնողին և ավագ դպրոցի ուսուցիչներին, թե ինչպես աշխատել այս երեխայի հետ ապագայում։ Այս բնութագիրը շատ կօգնի, որպեսզի այդ անցումը լինի ավելի մեղմ և պակաս սթրեսային, որպեսզի երեխայի մոտ այս սթրեսը գնահատականից ու նաև մոտիվացումը գնահատականից չլինի, որովհետև թե գնահատականից մոտիվացումը, թե սթրեսը շատ վատ բան է»։
Նա նաև ընդգծեց, որ որքան էլ մենք բոլորս փորձագետ լինենք ՝թղթի վրա գրած ծրագիրը գնահատելը ծայրահեղ դժվար է, լավագույն մեթոդը՝ թղթի վրա գրած ծրագրի իրականացման և գնահատման կրթական փորձն է։ «Եթե ես լինեի կառավարության փոխարեն՝ չէի շտապի այս չափորոշիչները ընդունել։ Ես դրա փոխարեն կնախընտրեի մի քանի դպրոցներում, մի քանի տարածքներում այս չափորոշիչները կիրառել, տեսնել արդյունքները, ամփոփել, վստահեցնում եմ, շատ բաներ կփոխվեին, կգիտակցվեին, կվերագիտակցվեին և ուսուցիչների, և կրթության ղեկավարների կողմից, և փորձագետների, որոնք դրանից հետո կմասնակցեին այդ փորձարկմանը։ Դրանից հետո փորձարկված չափորոշիչները փուլ առ փուլ կտարածեի ամբողջ երկրի համար, որը կարող էր տևել 5-6 տարի, ինչպես դա արվում է բոլոր զարգացած երկրներում։ Արդյունքում, 5-6 տարի հետո՝ մենք կունենայինք համալրված որակյալ և կրթության չափորոշիչներին համապատասխան չափորոշիչներ։ Հապճեպ կրթության մեջ բարեփոխումները միշտ բերում են տապալման, անխտիր միշտ։ Վախենամ, որ այս չափորոշիչներն էլ չնայած ընդունված են կառավարության կողմից, սակայն փաստացի դեռ գոյություն չունեն, գոյություն կունենան մի քանի տարի հետո, եթե հասնեն նրան, որ ուսուցիչները գոնե ընթերցեն այդ չափորոշիչները։ Որովհետև մինչ այսօր, հավատացեք, ուսուցիչների շատ փոքր տոկոսն է բացել իր առարկայական չափորոշիչները։ Այսինքն, դեռ շատ ժամանակ կա, որ մենք կարողանանք այդ չափորոշիչների մասին խոսել, այսօր դրանք միայն թղթի կտոր են»։

