Կառավարության նիստում այսօր ընդունվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, որը, իշխանությունների պնդմամբ, հսկայական դրական ազդեցություն է ունենալու դպրոցական ռեֆորմի վրա:
Մասնավորապես առաջարկվող փոփոխությամբ՝ միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, ինչը նշանակում է, որ տարրական դպրոցում հրաժարվում են միավորային գնահատման գործող ձևից և կիրառում են ավելի խրախուսող և խթանող գնահատման ձևեր։ Գործադիրը առաջարկել է նաեւ գիտելիքի արժևորման կոնտեքստում հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրև առաջընթաց։
Մինչ նախագծի ամբողջական ներդնելը 2021թ-ի սեպտեմբերից կիրականացվի փորձարկում, միայն 2023թ-ին նախատեսվում է նոր չափորոշիչը լրամշակումից հետո ներդնել դպրոցներում։
Հանրակրթության նոր չափորոշիչը բուռն քննարկումների է արժանացել, մի մասը գոհ է սպասվող փոփոխություններից, մյուսները՝ ոչ այդքան։
Նրանք, ովքեր գոհ են, որ երեխաները չեն գնահատվելու դպրոցում, նշում են, որ գնահատականը ամենեւին էլ մրցակցություն չէ, երեխան չպետք է սովորի գնահատականի համար, ավելին՝ ցածր գնահատականը կարող է երեխային ճնշել, ընկճել, սթրեսի ենթարկել։
Սակայն, կան ծնողներ եւ հատկապես մանկավարժներ, ովքեր դժգոհ են, որ երեխաները այլեւս չեն գնահատվելու։
Խնդիրն այն է, որ մի կողմից՝ այո, երեխան գնահատականի համար չի սովորում, բայց մյուս կողմից էլ՝ եթե որեւէ գնահատական չի ստանում, բոլոր երեխաները՝ սովորող, չսովորող, դառնում են հավասար, հետեւաբար՝ չկա որեւէ մրցակցություն։
Հարց է առաջանում՝ այս դեպքում տարրական դասարանները ավարտելուց հետո, երբ պետք է երեխաները քննություն տան եւ փոխադրվեն, գնահատական ստանալո՞ւ են, թե՞ ոչ։ Գնահատվելո՞ւ են արդյոք ստուգողական, թեմատիկ աշխատանքները։ Եթե չեն գնահատվելու, ինչ տարբերություն՝ ով ինչպես կգրի, միեւնույն է, բոլորը փոխադրվելու են եւ արդյոք տպավորություն չի՞ ստեղծվում, որ հավասարության քողի տակ մենք ավտոմատ երեխաներին փոխադրում ենք եւ ավարտացնում դպրոցը, կարեւոր չէ՝ արդյունքը, աշակերտը սովորո՞ղ է, թե՞ ոչ, բոլորին ատեստատ են նվիրում։
Եթե գնահատականներ չեն լինելու, ինչպե՞ս են կրթության կազմակերպիչները հասկանալու՝ արդյոք հանրակրթության արդյունքը ապահովվե՞լ է, թե ՞ոչ։
Բազմաթիվ հարցեր կան կրթության նոր չափորոշչի հետ կապված, մասնավորապես, եթե նախկինում ուսուցիչները ոգեւորվում էին, երբ ունենում էին փայլուն, գերազանցիկ, կարմիր դիպլոմով, գովասանագրերով ավարտող աշակերտներ, օլիմպիադիաներում հաղթող երեխաներ, դա նաեւ տարրակարգ էր իրենց համար, նոր չափորոշիչով ինչպե՞ս են լուծվելու այդ հարցերը։
Եւ գնահատականները հանելով՝ մենք որքանո՞վ ենք ազնիվ վարվում սովորող աշակերտների հետ, երբ, օրինակ, քննության ժամանակ առանց գնահատականի փոխադրում ենք եւ հիանալի պատասխանած եւ ընդհանրապես որեւէ բառ չարտաբերած աշակերտին։
Իհարկե, գնահատականները հաճախ ճնշում են երեխաներին հատկապես ցածր դասարաններում, բայց մյուս կողմից էլ՝ նաեւ զսպող դեր ունեն, քիչ չեն լինի դեպքերը, երբ երեխաները կմտածեն, որ «2ս դնում ես դիր, ոչ միայն մարդավարի ապրում ենք, այլեւ փոխադրվում»։
Մի կողմից՝ մենք բողոքում ենք կրթության որակից՝ ասելով՝ թե ով ասես, դիպլոմ ունի, բայց մասնագետ չկա, անգրագետ-գրագետ, կիսադրական միավորներով, հազարներով ամեն տարի բուհեր են սովորում եւ ավարտում, մինչդեռ պետք է բուհերում սովորեն արժանավորները, մյուս դեպքում՝ մենք դպրոցում սովորել եւ ավարտելը դարձնում ենք խաղուպար։
Իսկ եթե իշխանության նպատակը կրթության ոլորտում հավասարություն ապահովելն է, ապա սխալ տեղից են սկսել։ Հավասարությունը բոլորի համար հավասար պայմաններ ապահովելն է, բուհական կրթությունում մեր քաղաքացիների սոցիալական վիճակին համապատասխան վճարների սահմանումը, որպեսզի չստացվի այնպես, որ միայն ապահովված խավի երեխաները կարող են ԲՈՒՀ ավարտել, մյուսները չեն կարող վճար չունենալու պատճառով։ Այս առումով մենք տեսնում ենք հակառակ պատկերը, մասնավորապես՝ իշխանությունը հաստատված Հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումներով նախատեսում է առողջապահական և կրթական հաստատություններին բերել ԱԱՀ հարկման դաշտ, ինչը նշանակում է, որ բուհերի, մասնավոր դպրոցների վարձավճարները կբարձրանա։ «Հավասար կրթության» շրջանակներում իշխանությունները տարեցտարի վարձավճարներն են ավելացնում, երբ դասախոսները գրոշներ են ստանում։ Նույն «բարեփոխումների» շրջանակներում որոշ մասնագիտացումներում առհասարակ չկա պետպատվեր, այսինքն՝ այդ մասնագիտությունները նախատեսված են միայն «ապահովված» խավի երեխաների համար, իսկ պետության ցուցաբերած «լավագույն» օգնությունն էլ աշխատող ուսանողների դեպքում եկամտահարկով վարձավճարի մարումն է, որը, սակայն, գործում է «արխայիկ» մասնագիտությունների դեպքում։

