Մոնոպոլիստ Պատրոն Դավիթից մինչև մեղադրյալ Դավիթ Գալստյան. երբ և ինչ գործարքներում է ներգրավված եղել և ինչու էր նրա ընկերությունը զրկվել գնման մրցույթի մասնակցելուց
Փաստերի լեզվով
ԱԱԾ-ն այսօր հայտարարություն էր տարածել, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ-ի և նույն ընկերության տնօրեն Ա.Բ-ի կողմից ՀՀ ՊՆ-ին չեխական արտադրության, պայմանագրին չհամապատասխանող հրանոթի արկեր վաճառելու արդյունքում պետությանը 1.083.000 ԱՄՆ դոլարի վնաս է պատճառել։
ԱԱԾ-ի կողմից նշված Դ.Գ.-ն, Դավիթ Գալիստյանն է, ով առավել հայտնի է Պատրոն Դավիթ անունով։ Գալստյանը զենքը մատակարարել է Հայաստան հիմնականում իր երկու օֆշորային ընկերությունների միջոցով՝ «Մոսթոն էնջիներինգը», որը գրանցված է օֆշորային Վիրջինյան կղզիներում և «Ռոյալսիս էնջիներինգը»՝ գրանցված օֆշորային Կայմանյան կղզիներում։
Ըստ տարածված տեղեկությունների Հայաստան մատակարարվող զենքի 95 տոկոսը իրականացվում է հենց այս ընկերությունների միջոցով։
Մամուլում բազմաթիվ են եղել հրապարակումները՝ կապված Պատրոն Դավիթի օֆշորային ընկերություննների՝ Թուրքիայի և Ղազախտանի հետ արված գործարքների հետ։ Գալստյանն ԱՊՀ անդամ երկրներից գնելով զենք-զինամթերք, օգտվել է ԱՊՀ երկրների համար 40 տոկոս զեղչից, որը այնուհետև վերածվում է փողի՝ ոչ ԱՊՀ անդամ Թուրքիային վաճառելիս, ստացվում է, որ Հայաստանին և Թուրքիային զենք-զինամթերք վաճառել է նույն անձը։
ArmDaily.am-ը ևս հետաքննություն էր արել և փաստաթղթեր էր հրապարակել ՀՀ պաշտպանության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն միջև նամակագրությունից, որոնք արվել էին 2019թ-ի հոկտեմբերի 11-15-ը։ Փաստաթղթում վերջնական օգտագործող նշված է ՀՀ պաշտպանության նախարարության անունը, իսկ որպես գործակալ՝ Royalsys Engineering LTD ընկերությունը, որի գրանցման հասցեն նշված է Բրիտանական Վիրջինյան կղզիներ։ Սակայն Հորդանանի «Ջադարա» ընկերությունը գործարքի վերջին փուլում չեղարկել էր պայմանագիրը։ Որպես պայմանագրի չեղարկման հիմք պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ջադարա» ընկերությանը տեղեկություն է հասել, որ հայկական կողմից ներկայացված գործակալ ընկերությունը՝ Royalsys Engineering LTD-ը գրանցված է որպես օֆշորային ընկերություն, ոչ թե նախարարություն, ինչպես հայկական կողմը ներկայացրել է բանակցությունների ընթացքում։ Իսկ եթե հետագայում հայկական կողմը շահագրգռվածոթյուն ունենա ձեռք բերել պայմանագրում գնման առարկա հանդիսացող զինատեսակը, ապա պետք է դիմեն Հորդանանի զինված ուժերին կամ Աբդալլահ 2-ին։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն 2018թ-ի հունիսի 14-ին անտոկոս 3.5 մլն դոլար վարկ է տրամադրում «Մոսթոն էնջիներինգ»-ին։
Հավելենք, որ ՀՀ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ 2020թ-ի մայիսին «Ռոյալսիս էնջիներինգ»-ը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում։
Պատրոն Դավիթը Հայաստանում արտադրվող «Կալաշնիկով» գործարանի սեփականատերերից է, դարձել է այս արտադրության հիմնադիր Royalsys Engineering ընկերության նախագահը:
Ռուսաստանի Դաշնությունում վերջինս ճանաչվել է անցանկալի անձ և իշխանությունը 10 տարով զրկել է նրան Ռուսաստան մուտք գործելու իրավունքից։
Ի դեպ, Դավիթ Գալստյանի անունը հիշատակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի զեկույցում՝ կապված Լիբիա զինամթերք հասցնելու գործարքի հետ․ պարզվում է՝ Գալստյանը փոխանցումներ է կատարել Պորոշենկոյի հետ փոխկապակցված օֆշորային ընկերությանը, Հայաստանում հասցրել է վտարվել բնակարանից, վարկային պարտքեր կուտակել և «բեղուն» կենսագրություն կերտել Հայաստանի դատական տեղեկատվական համակարգում:
Ըստ լուրերի Պատրոն Դավիթը ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ընկերն է։ Ավելին՝ սեպտեմբերի 27-ի՝ պատերազմի սկսելուց հետո Դավիթ Տոնոյանը Հայաստան էր ժամանել պատերազմի մեկնարիկից 36 ժամ անց, քանի որ Դավիթ Տոնոյանը Պատրոն Դավիթի հետ գտնվում էր Բուլղարիայում, նշում էին Պատրոն Դավիթի ծնունդը, և մեկնել էին Վոլգոգրադից։
Նշենք, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանին, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Գալստյանի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ ՊՆ-ի կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ: