Հայաստանն այսօր չունի այն կադրային ռեսուրսը, որի միջոցով կկարողանա այլ երկրների հետ ազդեցության գոտիներ մշակել. ուկրաինացի փորձագետ
Հայացք դրսից
ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել կարծիքներ օտարերկրացի փորձագետներից՝ Հայաստանում ու դրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին «Հայացք դրսից» շարքով:
Այս անգամ զրուցել ենք ուկրաինացի փորձագետ Իլյա Կուսայի հետ՝ պատերազմից հետո Հայաստանում ձևավորված նոր իրավիճակի մասին:
Կուսան շեշտում է, որ պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանցիները փորձում էին զուգահեռներ տանել Արցախի ու Ղրիմի հարցերի միջև՝ այդպիսով փորձելով Ուկրաինայի պետական դիրքորոշումն իրենց ձեռնտու լույսի տակ ներկայացնել, բացի այդ՝ դրանով փորձում էին խնդրին ոչ այնքան լավ ծանոթ ուկրաինացիների շրջանում իրենց նկատմամբ դրական միտում ձևավորել:
Ուկրաինացի միջազգայանգետը նշում է սակայն, որ Ուկրաինային մեծ ջանքեր պահանջվեցին դրսևորել նեյտրալիտետ պատերազմի ընթացքում ու չսատարել կողմերից որևէ մեկին:
«Դեռևս պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց առաջ էլ Հայաստանի շուրջ ձևավորված գեոպոլիտիկ իրավիճակը շատ լարված էր ու բարդ՝ զինված հակամարտություն Ադրբեջանի հետ, փակ սահման ու շրջափակման մեջ գնտվող կոմունիկացիաներ Թուրքիայի հետ: Մեղմ ասած Հայաստանը սեղմված էր շատ փոքր տարածության մեջ և շրջապատված էր կամ թշնամիներով կամ բարդ գործընկերներով: Ստացվում էր, որ միայն Իրանն է քիչ թե շատ վստահելի գործընկեր Հայաստանի համար: Նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրից հետո Հայաստանի վիճակն ավելի է վատթարացել»,-ասում է ուկրաինացի փորձագետը:
Կուսան Հայաստանի համար ճգնաժամային վիճակից դուրս գալու երեք տարբերակ է տեսնում: Առաջինը՝ անվերապահորեն Ռուսաստանի հետ քաղաքական ու ռազմական համագործակցության խորացումն է, ռուսական իշխանություններին կարևորագույն համակարգերի հանձնումը, քանի որ Հայաստանի համար տվյալ պահին այլնընտրանք չկա:
Երկրորդ տարբերակը հետևյալն է. «Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի արտաքին քաղաքականությունը՝ պահպանի ստատուս քվոն և ոչ մի զիջման չգնա Ադրբեջանին ու Թուրքիային ու փորձի այն, ինչ Փաշինյանը չկարողացավ անել՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա անել ու փորձել ռուսաստանի միահեծան ազդեցությունը թուլացնել նոր ազդեցության գոտիներ ստեղծելու միջոցով: Տարբերակներ կան՝ Եվրամիությունը կա, Չինաստանը կա, Իրանը կա, Կենտրոնական Ասիան կա,ԱՄՆ-ն և այլն: Այսինքն հնարավորություն կա թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում միաժամանակ զարգացնելով այլ երկրների հետ դիվանագիտական օրակարգեր ու ամեն երկրից ստանալով մի բան, որը կօգնի իրագործել ռեֆորմներ Հայաստանի ներսում»:
Փորձագետը նշում է, որ այս տարբերակը իրենից հսկայական ծախսեր, կադրերի ներգրավվածություն է ենթադրում ու քաղաքական ռեսուրսների մեծ չափաբաժին է ենթադրում:
Փորձագետը ասում է նաև,որ այս իշխանության կադրերում չի տեսնում այն մարդկանց, ովքեր կարող են նման լուրջ խնդիր կատարել կամ լուծել:
Երրորդ տարբերակը Ադրբեջանի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումն է, բայց դրա գինն ու հետևանքները տարբեր կարող են լինել:
Փորձագետը կարևորում է Հայաստանի ճկուն լինելը, քանի որ ճիշտ դիվանագիտության դեպքում Հայաստանը կոմունկիացիաների ապաշրջափակումը կարող է իր համար ձեռնտու ճանապարհներով իրականացնել, սակայն տվյալ պահին Հայաստանի իշխանությունների քայլերից կարելի է ենթադրել,որ անհրաժեշտ կադրային ռեսուրսը չունեն այս դեպքում ևս ապաշրջափակումը Հայաստանին մեծապես օգտավետ ձևով կազմակերպելու: