Ի դեպ. Հունվարի 28-ի՝ Հայոց բանակի օրվա մասին (տեսանյութ)
ADTVԻ դեպ, այսօր հունվարի 28-ն է, հայոց բանակի օրը։ Տարիներ շարունակ մենք այս օրը նշել որպես տոն, որպես մեր հաղթական բանակի օր։ Տարիներ շարունակ հպարտացել ենք մեր բանակով, համարել ենք, որ այն ամենամարտունակն է տարածաշրջանում ու ամենակայացած կառույցն է անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ։
Այսօր առաջին անգամ, հունվարի 28-ը դիմավորում ենք առանց տոնական միջոցառումների, ծանր սրտով ու կոտված մեջքով։ Եւ սա հասկանալի է. 44 օրյա պատերազմ, բազմաթիվ զոհեր, վիրավորներ, անոտ ու անթեւ մնացած տղաներ, անհետ կորածներ, ռազմագերիներ ու հայրենիքի կորսված, կենսական տարածքներ։Ու եռաբլուր, որ բազմապատկել է իր մեջ ամբարված ցավը, կսկիծն ու վիշտը։ Այս իրավիճակում անիմաստ է խոսել տոնի մասին, ինչքան էլ օրը մեր օրացույցում կարմիրով նշված լինի։ Ու ստացվում է,որ մենք այս տարի, առանց չափազանցության, սեւ սրտով դիմավորեցինք կարմիրով նշված հունվար 28-ը։ Այս վիճակն իհարկե իր պատճառներն ունի։ Այսօր այդ պատճառների ամենատարբեր վարկածներ են հնչում՝ արցախյան 1-ին պատերազմի հաղթանակը չգնահատելուց ու չարժեվորելուց, այսօրվա որոշումներ կայացնողների անփորձությունից ու ոչ պրոֆեսիոնալիզմից մինչեւ դավադրություն ու դավաճանություն։ Եթե ոչ այսօր, ապա ժամանակի ընթացքում, հուսանք, ամեն ինչ կպարզվի։
Իսկ այսօր ունենք պատերազմի արդյունքում ծանր վիրավորված բանակ, որին պետք է խնամել, ապաքինել, սիրել ավելի քան նախկինում ու այո, նաեւ հպարտանալ նրանով։ Հպարտանալ, քանի որ մեր բանակը արել է ավելին, քան հնարավոր էր, նվիրել է իր զինվորների կյանքը ու նվիրվել է ավելի, քան հնարավոր էր։ Մեր բանակը կռվել է տասնապատիկ ու հարյուրապատիկ ավելի ռեսուրսներ ու հզորությունն ունեցող երկրների ժամանակակից բանակների դեմ ու մի ասեք, թե բանակը պարտվել է։ Վկան՝ մեր զինվորների ու սպաների, կամավորների ու պահեստազորայինների բազմաթիվ ու չտեսնված սխրագործություններն են մեզ պարտադրված անհավասար պատերազմում։ Եւ բանակը չի պարտվել։ Կամ՝ բանակը չէ, որ պարտվել է։
Եւ սրանք վերամբարձ խոսքեր չեն։ Սա իրականություն է։ Եւ ուրեմն պետք է դասեր քաղել տեղի ունեցածից, հաղթահարել հոգեբանական ծանր իրավիճակը, ապաքինել մեր բանակը, մեր հոգիներն ու արժանապատվությունը։ Ու թող հունվար 28-ը դառնա մեկնակետ։Եւ ուրեմն տոնդ շնորհավոր հայ զինվոր ու հայոց բանակ։ Իսկ հաղթականեր դեռ ունենալու ենք։