«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարեց, որ որոշել է մտնել քաղաքականություն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունից հետո։
«Երևի ամեն մարդ իր ֆանտազիայի, իր ունեցած ինֆորմացիայի չափով կարծիք է հրապարակում։ Չկա ոչ մի քաղաքական ուժ, որն ինձ ուղղորդում է»,- հայտարարեց Թովմասյանը։
Նա կարծում է, որ Հայաստանի տնտեսությունն այնպիսի ծանր վիճակում է, որ կամիկաձե է պետք լինել՝ այս պայմաններում իրավիճակը շտկելու փորձեր անելու համար։
Արտակ Թովմասյանն իրեն ընդդիմություն չի համարում, ավելին, նա կարծում է, որ պատերազմում պարտված իշխանությունը պետք է հեռանա։
«Ինձ համար ընդունելի է իշխանության փոփոխությունը միայն օրենքի սահմաններում։ Ինչպես վարչապետը ժամանակին ասաց, որ ես եկել եմ ոչ թե կառչելու իմ աթոռից, այլ երբ չկարողանամ մի բան անել, թողնելու եմ գնամ։ Հիմա տեսնում ենք հակառակը։ Իմ կարծիքով՝ պետք է պառլամենտի որոշ անդամների գիտակցությունը այնքան բավարարի, որ նրանք չկառչեն իրենց աթոռներից, այլ ազգի համար ամենակարևոր ժամանակահատվածում ճիշտ քայլի դիմեն և հրաժարական տալով կազմակերպեն թափանցիկ, անկախ ընտրություններ,- ասում է Թովմասյանը։
Լրագրողների հարցին ի պատասխան, վերջինս հայտարարեց, որ չնայած երկար տարիներ Հայաստանից դուրս է ապրել, բայց բացի հայկական անձնագրից, այլ անձնագիր չունի։
Ինչ վերաբերվում է Վովա Գասպարյանի կողմից մեդալով պարգևատրվելուն, գործարարը դա որակեց կրիմինալիստիկայի լաբորատորիաների, սպորտային համալիրի ու ոստիկանների համար ամենամյա մրցաշարերի կազմակերպման դիմաց շնորհակալություն արտահայտելու գեղեցիկ ժեստ։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ իր անունը կապում են զենք-զինամթերքի անօրինական վաճառքի հետ, նա ասաց.«Ես որևէ անօրինական գործարքով չեմ զբաղվում, չեմ զբաղվում նաև զենքի բիզնեսով»։
Թովմասյանը հավելեց նաև, որ վարչապետի պաշտոնին երբեք չի հավակնել, սակայն եթե լինի ժողովրդի կողմից նման պահանջ՝ այդ դեպքում ինչու ոչ։
Հարցին, թե կմասնակցեն արտահերթ ընտրություններին, թե ոչ, Թովմասյանը հայտարարեց.«Եթե այդ արտահերթ ընտրությունները կազմակերպված լինեն այս իշխանությունների կողմից, ապա ոչ»։

